ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին Մյունխենում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ պետնախարար Տոբիաս Լինդների հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում երկու պետությունների միջեւ արդյունավետ համագործակցության շուրջ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունների դրական դինամիկան՝ խարսխված պատմական կապերի, ընդհանուր արժեքների եւ փոխադարձ շահերի վրա։
Արարատ Միրզոյանը եւ Տոբիաս Լինդները երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ պատրաստակամություն են հայտնել խորացնելու հայ-գերմանական համագործակցությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է իրավիճակը ԼՂ-ում եւ հայ-ադրբեջանական սահմանին։
Կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ եւ տեւական կարգավորման անհրաժեշտությունը:
Քննարկվել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման հարցը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։