Մյունխենում փետրվարի 19-ին մեկնարկել է անվտանգության հարցերին նվիրված 58-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցելու են աշխարհի առնվազն 35 պետությունների նախագահներ եւ վարչապետներ, ինչպես նաեւ գործարար եւ գիտական շրջանակները ներկայացնող շուրջ 600 գործիչ։ Մյունխենի համաժողովի քննարկումների հիմնական թեման Ուկրաինայի շուրջը ծագած ճգնաժամն է։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, դիմելով Մյունխենի համաժողովի մասնակիցներին, նշել է, որ վերջին իրադարձությունները կարող են ամբողջությամբ վերափոխել գործող աշխարհակարգը։ Լայենը հավելել է, որ ԵՄ-ն իր տրանսատլանտյան գործընկերների հետ լրջագույն ֆինանսական եւ տնտեսական պատժամիջոցների փաթեթ է պատրաստել, որոնք նաեւ էներգետիկայի ոլորտն ու տեխնոլոգիաների փոխանցման վրա դրվող արգելքներ են ներառում։
«Կրեմլի վտանգավոր մտայնությունները, որոնց արմատները մութ անցյալում են, կարող են վտանգել Ռուսաստանի բարեկեցիկ ապագան»,-շեշտել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Հանուն Ջոնսոնի, Շոլցի եւ Հարիսի հետ հանդիպումների
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպումներ կանցկացնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի հետ:
Հանդիպումների շրջանակում Զելենսկին փորձելու է հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել, համաձայն որի` Կիեւին հավելյալ ռազմական ու ֆինանսական աջակցություն կցուցաբերվի:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այնքան էլ խելամիտ չի համարել Զելենսկու՝ Մյունխենի անվտանգության համաժողովին ներկա լինելու որոշումը, որը հակասում է լարվածության էլ ավելի սրման սպառնալիքին:
«Զելենսկին իրավունք ունի սեփական որոշում ընդունելու, բայց դա այնքան էլ իմաստուն որոշում չէ: Թեեւ դա իր որոշումն է»,- նշել է ԱՄՆ նախագահը: