ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին Մյունխենում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։
Նախարարները գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջեւ պատմական կապերի եւ փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների դրական դինամիկայի առնչությամբ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել որակական նոր մակարդակի հասցնելու հայ-իրանական համագործակցությունն անվտանգային, առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ու մշակույթի եւ այլ ոլորտներում։
Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարներն ընդգծել են «Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի վերջնականացման եւ ստորագրման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարեւորելով փորձագետների՝ 6-րդ հանդիպման կազմակերպման նպատակով միասնական ջանքերի ներդրումը։
Միրզոյանն ու Աբդոլլահիանն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։
Հայաստանի արտգործնախարարն իրանցի իր գործընկերոջն է ներկայացրել 44-օրյա պատերազմի, ինչպես նաեւ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետեւանքով ստեղծված իրավիճակը։
Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը: Ընդգծվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ եւ տեւական կարգավորման անհրաժեշտությունը։