Հայաստանում 1991-2022 թվականներին թուրքական կապիտալի մասնակցությամբ 139 ընկերություն է բացվել, որոնից 91-ը շարունակում են գործել: Փաստերի ստուգման հարթակը պաշտոնական աղբյուրներից պարզել է, որ Թուրքիայի քաղաքացիների ներգրավումով Հայաստանում բիզնեսներ հիմնադրվել են բոլոր 4 ղեկավարների, ամենաշատը՝ 54, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ամենաքիչը՝ 9, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանում հիմնադրվել է 52 ընկերություն թուրքական կապիտալի մասնակցությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 24:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերահսկողության տակ գտնվող ընդդիմությունն ու նրանց համակիրները Հայաստանում եւ Սփյուռքում վիրավորական բառապաշար են օգտագործում Հայաստանի հասցեին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու մոլուցքն ու նրա նկատմամբ ատելությունը այն աստիճանի են հասել, որ ընդդիմության այդ հատվածն այլեւս տարբերություն չի դնում Հայաստանի եւ նրա այսօրվա ղեկավարության միջեւ:
Երևան-Անկարա երկխոսության նոր գործընթացը դեռ որեւէ արդյունք չի տվել (Թուրքիան շարունակում է թշնամական քաղաքականությունը՝ փակ պահելով Հայաստանի սահմանը, 44-օրյա պատերազմի ժամանակ ամեն կերպ օգնեց Ադրբեջանին), սակայն Քոչարյանն ու նրա թիմը «մտահոգված» են Հայաստանի «թուրքացման» հեռանկարով: Երկրորդ նախագահն ու նրա համակիրները, սակայն, որեւէ ձևով չեն մտահոգվել, երբ 1998-2008 թվականներին Հայաստանում հիմնվում էին 50-ից ավելի ընկերություններ թուրքական կապիտալի մասնակցությամբ:
Վիճակագրական կոմիտեի տվյալների բազայում կարելի է գտնել, որ 1991-ից ի վեր Հայաստանը սպառել է ավելի քան 3,3 միլիարդ դոլարի թուրքական ապրանք: Հայաստանում թուրքական ապրանք սպառվել է բոլոր 4 ղեկավարների ժամանակ, ամենաշատը Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիներին՝ ավելի քան 2 միլիարդ դոլարի: Ներմուծման պիկը 2008-ն էր, Քոչարյանի երեք եւ Սարգսյանի նախագահության ինը ամիսներին՝ 268 միլիոն դոլար: Քոչարյանի նախագահության 10 տարիներին Թուրքիայից Հայաստան է ներմուծվել ավելի քան 600 միլիոն դոլարի ապրանք, բայց Հայաստանը չի «թուրքացել»:
Ի՞նչ է նշանակում Հայաստանի «թուրքացում»: Կարելի է համաձայն լինել Փաշինյանի, նրանից առաջ Հայաստանի ղեկավարների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների քաղաքականության հետ կամ համաձայն չլինել, բայց Հայաստանի «թուրքացո՞ւմը» որն է:
Իսկ Հայաստանի «ռուսացումը», ավելի ճիշտ՝ «ռուս-բելառուսացումը» ձեզ չի՞ մտահոգում: Լուկաշենկոյի վիրավորական հայտարարությունները, թվում է, ձեզ չմտահոգեցին, հավանաբար որովհետեւ Լուկաշենկոն թուրք չէ:
Փաշինյանի ու նրա թիմի թույլ տված սխալներն ու մեր երկրի գլխին բերած աղետները քիչ են, քննադատելու տեղ չի մնացել, եւ Հայաստանը «թուրքացնե՞լն» է ձեզ տանջում:
Օրինակ՝ Սերժ Սարգսյանը Հայաստան հրավիրեց իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին, եւ ինքն էլ մեկ տարի անց մեկնեց Բուրսա, նրանք հինգ անգամ՝ 2008-ից մինչև 2013-ը, շնորհավորեցին միմյանց ազգային գլխավոր տոները՝ սեպտեմբերի 21-ն ու հոկտեմբերի 28-ը, ստորագրեցին երկու արձանագրություններ: Սրանից Հայաստանը «թուրքացա՞վ»:
Ռոբերտ Քոչարյանը այցելեց Ստամբուլ, մի քանի անգամ հանդիպեց իր թուրք գործընկեր Սուլեյման Դեմիրելի հետ: Գյուլ-Օսկանյան բարձր մակարդակով գործընթաց էր գնում 2003-2005 թվականներին, նույն տարիներին ընթանում էին նաեւ հայ-թուրքական գաղտնի շփումներ: Հայաստանը «թուրքացա՞վ»:
Եվ ընդհանրապես, Հայաստանն ու Թուրքիան/Օսմանյան կայսրությունը/քեմալականները վերջին 100 տարիներին միշտ են բանակցել, դրանից առաջ, երբ չկար անկախ Հայաստան, թուրքերի, ավելի ճիշտ՝ երիտթուրքերի հետ շփվել, բանակցել ու համագործակցել են մեր ավանդական կուսակցություններից ՍԴՀԿ-ն ու Դաշնակցությունը: ՀՅԴ-երիտթուրքեր գործակցությունը սկսվեց 1907-ի դեկտեմբերին եւ շարունակվեց անգամ 1909-ի Կիլիկիայի հայկական ջարդերից հետո, մինչև 1914-ը:
Հայաստանի Հանրապետության շրջանում, եւ սա մեր անկախության պատմության միակ ժամանակահատվածն է, երբ Հայաստանն ու Օսմանյան կայսրությունը ունեցել են միջպետական հարաբերություններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, դեսպանատներ Պոլսում/Ստամբուլում ու Երևանում: Առաջին պետությունը, որ ճանաչել է Հայաստանը, եղել է Օսմանյան կայսրությունը: Դիվանագիտական առաջին փաստաթուղթը, որ ստորագրել է Հայաստանը, եղել է 1918 թվականի Հաշտության եւ բարեկամության պայմանագիրը Օսմանյան կայսերական կառավարության հետ: 1921-ի փետրվար-մարտին Հայրենիքի փրկության կոմիտեն անգամ ռազմական օգնություն է խնդրել քեմալականներից՝ ընդդեմ Հայաստան ներխուժած բոլշևիկների: Եվ այս ամենը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանն անմիջապես հաջորդած տարիներին:
Այսքանից հետո Հայաստանը եւ որեւէ հայ «թուրքացա՞վ»:
Ի վերջո, մենք պետությո՞ւն ենք, թե՞ հպատակ ժողովուրդ, որի բախտը պետք է որոշեն թուրքերը, ռուսները, եվրոպացիները, ամերիկացիները: Պարտադի՞ր է, որ Թուրքիայի հետ մեր փոխարեն եւ մեր շահերի վրա թքած ունենալով, բայց մեզ ժպտալով բանակցեն ռուսները, եվրոպացիները եւ ամերիկացիները:
Ամենավատ հայ բանակցողը ավելի լավ է, քան հայ ժողովրդի բարեկամ ռուսները, եվրոպացիները եւ ամերիկացիները:
Անկասկած, Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատումով եւ Անկարայի կողմից սահմանները բացելուց հետո, եթե դա տեղի ունենա, Հայաստանում ավելանալու է թուրքական տնտեսական, քաղաքական ներկայությունը: Մեր չափով, Թուրքիայում ավելանալու է հայկական ներկայությունը:
Եվ ի վերջո, մենք ի՞նչ ենք ուզում: Ուզում ենք Թուրքիան սահմանը շարունակի փակ պահել, եւ անիրավ աշխարհին բողոքել ցեղասպան թուրքի՞ց: Թե՞ դեռ պատրաստ չենք Թուրքիայի կողմից սահմանի հնարավոր բացմանը: Իսկ ե՞րբ ենք պատրաստ լինելու: 30 տարի պատրաստ չենք եղել, չենք պատրաստվել դրան, իսկ գուցե երբեք էլ պատրաստ չլինե՞նք:
Եվ, ի վերջո, մենք պետությո՞ւն ենք, ռուսահայ գաղո՞ւթ, թե՞ ֆորպոստ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։