ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում ոչ միայն Եփրատից այն կողմ, այլեւ հարավում, Աթ-Թանֆա շրջանում անօրինական է, անհասկանալի է՝ ինչպիսին են ահաբեկչության դեմ նրանց պայքարի արդյունքները:
Ըստ փոխարտգործնախարարի՝ Միացյալ Նահանգների ներկայությունը չի ամրագրվել եւ չի հաստատվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, իսկ Դամասկոսի օրինական ղեկավարությունը չի խնդրել դրա մասին:
«Եթե ամերիկացի մեր գործընկերներն ասում են՝ իրենք այնտեղ միայն նրա համար են, որ պայքարեն ահաբեկչության դեմ, ես հարց ունեմ. այդ պայքարը որքա՞ն է տեւելու, եւ որտե՞ղ են դրա հստակ արդյունքները»,- հավելել է Բոգդանովը:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011-ից: «Աստանայի ձեւաչափ» անվամբ հայտնի Նուրսուլթանի բանակցություններն անցկացվում են 2017-ից, իսկ 2018-ի հունվարին Սոչիում անցկացվել է Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսը:
Դա հակամարտության սկզբից ի վեր դարձել է բանակցային մեկ հարթակի վրա մասնակիցների ընդարձակ կազմ հավաքելու առաջին փորձը: Կոնգրեսի գլխավոր արդյունքը եղել է սահմանադրական կոմիտե ստեղծելու որոշումը, որն աշխատում է Ժնեւում, եւ որի հիմնական խնդիրը սահմանադրական բարեփոխման նախապատրաստումն է: