Ղարաբաղյան շարժման 34-ամյակի կապակցությամբ ՀՀ վարչապետը, ՀՀ երկրորդ նախագահը եւ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը հրապարակել են ուղերձներ։
Վարչապետը դեռ հույս ունի Արցախի միջազգային ճանաչման, բայց պայմանով, որ պետք է մեզնից ուժ ներկայացնենք։ Նա ակնարկում է, որ աշխարհի ցավն ու դարդը չէ Արցախի միջազգային ճանաչումը, պետք է բացել «խաղաղության դարաշրջան»։ Բավական է ասել, որ այդ դարաշրջան բացողը մենք չենք, մենք կարող ենք միայն չընկնել այն բացողների ոտքի տակ, եթե հանկարծ չփորձեն «ավելի լավ խաղաղության դարաշրջան» բացել։
Մենք չկարողացանք ունենալ իշխանություն, որը մտածեր այնպիսի խաղաղության մասին, որը կուլ կտար ուրիշի պատերազմը։ Հիմա ստիպված ենք հանդուրժել մի խաղաղություն, որտեղ միակ առաքելությունը «ավելորդ չթպրտալն է»։
Ռոբերտ Քոչարյանը հույս ունի «վերագտնել մեր ուժը, վճռականությունը եւ միասնությունը՝ հաղթահարելու հուսահատությունը եւ պարտության հետեւանքները»։ «Արցախը մերն է լինելու»,- ասում է երկրորդ նախագահը։ «Щас»,-կասեին ռուսները։ Ու հենց ռուսները։ Որովհետեւ ինչի՞ պիտի ռուսների պահած Ղարաբաղը լինի Ռոբերտ Քոչարյանինը։
Ո՞վ կորցրեց մեր ուժը Արցախում, մեր վճռականությունը Արցախում, մեր միասնականությունը Արցախում։
Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ 34 տարի առաջ սկսված շարժումը տվեց մեկնարկը «լավ ապագա խոստացող իրադարձությունների»։ Նա ամեն ինչին է այսպես նայել։ Լավ ապագա Նիկոլ Փաշինյանը հիմա էլ է խոստանում, պատերազմի ժամանակ էլ էին խոստանում, դրանից առաջ Սերժ Սարգսյանն էր խոստանում, դրանից առաջ դուք (Քոչարյանը) բերել էիք այդ ապագան։ Իսկ թե այդ ընթացքում ինչ էր ծրագրում Ադրբեջանը, գաղափար անգամ չունեիք։ Լավ ապագա խոստացող իրադարձությունները սիրում են նաեւ լավ հանգամանքներ, երբ այդ իրադարձություններից ոչ մի լավ բան դուրս չի գալիս։ Դուք ի՞նչ արեցիք։
Վիտալի Բալասանյանը չի ասում, թե Արցախը միշտ մերն է լինելու։ Որովհետեւ խոսում է այդ հողի միջից։ Մարդը արձանագրում է, թե Ադրբեջանն օկուպացրեց Արցախի հողերի մեծ մասը, «սակայն Արցախը վերջնականապես կործանելու ծրագիրը կրկին չիրագործվեց»։
Պարոն Բալասանյանը գուցե մեծ հայրենասեր է, բայց կատարյալ բոբիկ է քաղաքականությունից։ Իսկ այդ բոբիկությունը հայրենասերների ճակատին գրած չէ։ Ադրբեջանը չի էլ փորձել Արցախը վերջնականապես օկուպացնել պատերազմով։ Եվ այն տարածքները, որոնք մնացին, քաղաքականության տարածքներն են, որոնք կարող են աշխատել ինչպես Արցախի օգտին, այնպես էլ Արցախի դեմ։ Արցախը գիտի ինչպես չմնալ Ադրբեջանի լծի տակ, խորհրդային 70 տարիները դա ցույց տվեցին, բայց Արցախը չգիտի, թե ինչպես իր 70-ամյա մաքառումները դարձնել պետություն։ Վիտալի Բալասանյանը եւ Արցախի իշխանությունը սրա մասին պետք է մտածեն։ Նրանք ներքին մարտահրավերներին պատրաստ չեն, որովհետեւ մարտահրավերներից տեսնում են միայն արտաքինը։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: