Ըստ ռուսական «Վեստնիկ Կավկազա» պարբերականի՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները հիմնարար հարցերի շուրջ հերքում են միմյանց եւ շարունակում չհամապատասխանող հայտարարություններ անել:
Զախարովան հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այն միտքը, ըստ որի՝ չկա որոշում, որով դաշինքում ընդգրկված երկրները համաձայնել են հրաժարվել ՆԱՏՕ-ի հիմնարար պայմանագրում արձանագրվածից:
Զախարովան տելեգրամյան իր գրառման մեջ հիշեցրել է 1990-ի փետրվարի 2-ին Վաշինգտոնում անցկացված բանակցություններից հետո Գերմանիայի արտգործնախարար Հանս-Դիտրիխ Գենշերի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերի հայտարարությունը: Ըստ այդ հայտարարության՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական գոտին մինչեւ արեւելք ընդլայնելու մտադրություն չկա: Դա վերաբերում է ոչ միայն ԳԴՀ-ին, որին մենք չենք ցանկանում ներառել, այլեւ ընդհանրապես:
Ավելի վաղ գերմանական Der Spiegel-ը գրել է, որ Մեծ Բրիտանիայի ազգային արխիվում հայտնաբերվել է 1991 թվականի փաստաթուղթ, որում Արեւմուտքի երկրները նշել են, որ ՆԱՏՕ–ի արեւելյան ուղղությամբ ընդլայնումն անընդունելի է: Փաստաթղթերը հաստատում են Ռուսաստանի դժգոհությունները ՆԱՏՕ–ի նկատմամբ:
Նախկինում գաղտնագրված փաստաթուղթը 1991-ի մարտի 6-ին Բոննում տեղի ունեցած բանակցությունների մասին է, որոնց ներկա են եղել ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ ԳԴՀ–ի ԱԳՆ ներկայացուցիչները։