Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) հայտնել է, որ իրականացրել է ախտորոշիչ ծառայությունների ոլորտի ուսումնասիրություն: ՄՊՀ-ն նշել է, որ ծառայությունները բաժանվել են հետեւյալ խմբերի՝ ցածր տեխնոլոգիական ռադիոլոգիական ախտորոշիչ ծառայություններ (ռենտգեն, ուլտրաձայնային եւ մամոգրաֆիկ հետազոտություններ) եւ բարձր տեխնոլոգիական ռադիոլոգիական ախտորոշիչ ծառայություններ (ՀՏ, ՄՌՏ եւ Ռադիոնուկլիդային հետազոտության ծառայություններ):
2020-ին ուլտրաձայնային հետազոտություններ է մատուցել 191 ընկերություն։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ 2020-ին, 2019-ի համեմատ, 17․1%-ով աճել են ռենտգեն հետազոտությունները։
Մամոգրաֆիկ ծառայություններ է մատուցել 12 ընկերություն․ 2020-ին նման հետազոտությունների թիվն աճել է 40․8%-ով։ Մամոգրաֆիկ ծառայությունները մտնում են դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմի մեջ, եւ պետության կողմից փոխհատուցվող արժեքը 10 հազար դրամ է։
Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություններ (ՀՏ) մատուցում է 32 բուժհաստատություն, որոնցից 24-ը տեղակայված են Երեւանում։ Երեւանում մատուցվել է ՀՏ ծառայությունների 90․1%-ը։ ՀՏ ծառայությունների շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ։ Գինը տատանվում է 25 հազարից 50 հազար դրամի սահմաններում։
2020-ին ՄՌՏ ծառայություն է մատուցել է 11 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից միայն երկուսն են գործունեությունն իրականացնում Երեւանից դուրս՝ Դիլիջան եւ Գյումրի քաղաքներում։ ՄՌՏ հետազոտությունների դեպքում գները տատանվում են 30 հազարից մինչեւ 100 հազար դրամի միջակայքում։ Պետության կողմից փոխհատուցման դեպքում տրամադրվում է 25 հազարից 60 հազար դրամ։
Ռադիոնուկլիդային հետազոտության ծառայություններ մատուցել է 3 ընկերություն․ իրականացվել է 1405 ռադիոնուկլիդային հետազոտություն՝ նախորդ տարվա 1446-ի դիմաց։ Պետության կողմից հետազոտության արժեքն է 46 հազար դրամ, իսկ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայությունների գինը տատանվել է 30 հազարից 50 հազար դրամի սահմաններում։