Ըստ ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի՝ Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների համար նոր խստացումներ են մտցվել, որոնց համաձայն` աշխատանքային ներգաղթյալը Ռուսաստանի տարածքում հայտնվելուց հետո ունի ընդամենը 30 օր:
Նոր կանոններով աշխատանքային ներգաղթյալը պարտավոր է մատնահետք հանձնել, լուսանկարվել, այնուհետեւ քովիդի, թմրանյութերից կախվածության եւ ՁԻԱՀ-ի բուժզննում անցնել: Այնուհետեւ աշխատանքային ներգաղթյալը բոլոր վերոնշյալ փաստաթղթերը պետք է 30 օրվա ընթացքում ներկայացնի ՌԴ ՆԳՆ տարածքային բաժին:
Նույն ընթացակարգն է գործում նաեւ ոչ աշխատանքային նպատակով Ռուսաստան մուտք գործող եւ 90 օրից ավելի երկրում մնալու մտադրություն ունեցող մարդկանց համար: Նրանք եւս 90 օրացույցային օրվա ընթացքում պետք է կատարեն նույն պահանջները:
Անունը կամ ազգանունը չփոխելու դեպքում մեկ անգամ մատնահետք հանձնելը, լուսանկարվելը բավարար են: Բուժզննման պարագայում գործընթացն այլ է՝ երեք ամիսը մեկ պետք է համապատասխան ընթացակարգ անցնել: Այս կամ այն հիվանդության կասկածի դեպքում ժամկետը երկարում է 18 օր, եւ 30 օրից կորցնում է 18-ը, նորից կանգնում հաշվառման:
Եթե 30 օրվա ընթացքում աշխատանքային ներգաղթյալը չի հասցնում ամբողջական ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, կամ եթե որեւէ հիվանդության գծով տեղեկանքը թերի է, ՆԳՆ-ից ծանուցում է ստանում, որ պարտավոր է 3 օրվա ընթացքում լքել Ռուսաստանի տարածքը: Եթե ներգաղթյալը չի լքում երկրի տարածքը, նրա հանդեպ կիրառվում է վարչական տուգանք, բայց վճարելով չի ազատվում պատասխանատվությունից, դրանից հետո 5 տարով արգելվում է նրա մուտքը երկիր:
Ռուսաստանում միգրացիոն այս խստացումները հնարավոր է փոխվեն, լրամշակվեն, բայց մինչ այդ Հայաստանի միգրացիոն ծառայությունը հորդորել է նման խնդիրներից խուսափելու համար հետեւել նոր ընթացակարգին:
Առաջին անգամ այս խստացումները ՌԴ-ում կիրառվեցին նախորդ տարեվերջից եւ վերաբերում են Ռուսաստան աշխատելու մեկնած բոլոր օտարերկրացիներին՝ բացառությամբ Բելառուսի քաղաքացիների, մինչեւ 6 տարեկան երեխաների, դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների աշխատակիցների: