Որեւէ մեկը նկատե՞լ է, որ Նիկոլ Փաշինյանը ԼՂ կարգավորման թեմայով խոսելիս ամեն անգամ հատուկ ընդգծում է, որ կարգավիճակի հարցով հանրաքվեն պետք է տեղի ունենար «ադրբեջանցիների վերադարձից հետո», եւ հռետորական հարց հնչեցնում․ «Իսկ որտե՞ղ պիտի ապրեին նրանք»։
Որեւէ մեկը ուշադրություն դարձրե՞լ է, որ Ալիեւի հրամանագրով լուծարվել է «ԼՂ ադրբեջանական համայնք» ՀԿ-ն։ Մինչեւ պատերազմը կար, հիմա չի գործում։ Ի՞նչ է ուզում հասկացնել Փաշինյանը։ Նրա խոսքի ենթատեքստը մոտավորապես այն է, որ «խաղաղ կարգավորման դեպքում ադրբեջանցիները պետք է վերադառնային Շուշի, նախկինում ադրբեջանաբնակ գյուղեր, նույնիսկ՝ Ստեփանակերտ, հանրաքվեն կարող էր երկարաձգվել մի քանի տարի, անգամ՝ տասնամյակներ, այդ ընթացքում, հնարավոր է, ԼՂ հայ եւ ադրբեջանական բնակչությունը թվաքանակով հավասարվեր, կամ ադրբեջանցիները մեծամասնություն կազմեին, եւ հարցը փակվեր։
Սա՞ է ակնարկում Փաշինյանը։ Եվ ի՞նչ, պատերազմը լուծե՞լ է հարցը։
Ֆեյսբուքյան մի օգտատեր չափազանց ուշագրավ գրառում է արել՝ նկատել տալով, որ 1988-ի դրությամբ ԼՂԻՄ-ի տարածքը 4,4 հազար քառակուսի կիլոմետր էր, ադրբեջանցիները բնակչության 25 տոկոսն էին, քառասունչորսօրյա պատերազմի հետեւանքով թշնամու վերահսկողության տակ է հայտնվել նախկին ԼՂԻՄ-ի տարածքի 25 տոկոսը։ Եթե հետեւենք այս տրամաբանությանը, ապա ԼՂ նախկին ադրբեջանական բնակչության վերադարձի տեղ է որոշվել Հադրութը, Շուշին, Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների մոտ երկու տասնյակ գյուղեր։
Ասվածը կարելի էր «կոնսպիրոլոգիայի ժանրից» համարել, եթե Արցախի Ազգային ժողովը չընդուներ «Բռնազավթված տարածքների մասին» օրենք, որի ուշադիր ուսումնասիրությունը բերում է մի եզրահանգման․ դրանով չեղարկվում է ԼՂ կարգավորման ԵԱՀԿ հայեցակարգը, որը հակամարտության գոտին բաժանում է տարածքային երեք՝ Ադրբեջանի սուվերեն եւ ԼՂ՝ կարգավիճակային ու Լաչինի միջանցքի «ենթամանդատային» հատվածների։
Կարգավորման բոլոր առաջարկություններով ապագա կարգավիճակային է ճանաչված (անկախ դրա կոնկրետ ձեւից) նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, այդ սահմաններում է իրացնելի ընդունվում ԼՂ բնակչության (ժողովրդի) ինքնորոշումը։ «Բռնազավթված տարածքների մասին» օրենքում այդ մասին ոչ մի հիշատակում չկա։ Մինչդեռ բուն ասելիքը, հղումը, ուղերձը հենց դա պիտի լիներ, որովհետեւ Ալիեւն ասում է․ «Չկա Լեռնային Ղարաբաղ, չկա ԼՂ հակամարտություն, այն լուծված է, եւ Մինսկի խմբի համանախագահները պետք է թոշակի անցնեն»։ Այս նկատառմամբ՝ Արցախի ԱԺ-ի ընդունած օրենքը ներկա իրողություններից միակ հնարավոր ելքի հեռանկարով Ալիեւին պետք է հակադարձեր․ «Կա Լեռնային Ղարաբաղ, կա ԼՂ խնդիր, համանախագահները պետք է աշխատեն՝ կողմերի հետ միասնաբար գտնելու կայուն, փոխընդունելի եւ տեւական կարգավորում»։
Օրենքը, ցավոք, նման ուղերձ չունի, արտաքին փաթեթավորմամբ այն «խիստ հայրենասիրական, ոչմիթիզական» է եւ հենց դրանով էլ՝ չափազանց կասկածելի։ (Առաջնորդվում եմ ԱՀ ԱԺ քաղաքական եւ իրավական ադեկվատության, ոչ թե կատարյալ անմեղսունակության կանխավարկածով)։
Ո՞րն է «կասկածի որդը»։ Միանգամից ասեմ․ այդ օրենքն իրավական առումով նույնականացնում է Հադրութի եւ Ֆիզուլիի շրջանները, Շուշի եւ Աղդամ քաղաքները, Ավետարանոց եւ Կարախանբեյլի գյուղերը։ Մինչդեռ պետք է հակառակը արվեր, հստակ եւ միանշանակորեն ընդգծվեր, որ Շուշին, Հադրութը, թշնամու վերահսկողության տակ գտնվող՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքի մյուս հատվածները ԵԱՀԿ-ի կողմից ճանաչված են ապագա կարգավիճակային, ինչպես Ստեփանակերտը, ԱՀ իրավազորության ներքո մնացած մյուս բոլոր տարածքները։
Այսինքն՝ Շուշին եւ Հադրութը իրավական կապ պետք է ստանային ոչ ադրբեջանական վերահսկողության ենթակա, այլ ոչ թե ադրբեջանական վերահսկողության ենթակա տարածքի հետ։ (Զուտ ֆորմալ առումով էլ դա ճիշտ կլիներ, որովհետեւ Արցախի գործող սահմանադրությունն էլ է առանձնացնում փաստացի եւ պետական տարածքը)։
Ինչո՞ւ է «մասնատվել» ԼՂ ապագա կարգավիճակային տարածքը։ (Թող ոչ ոք մանիպուլյացիա չանի, չփորձի համոզել, թե օրենքն ընդունվել է, որպեսզի մի X ժամանակ վերականգնվի 1994-2020 թվականների ստատուս-քվոն։ Ոչ ոք հեքիաթների այլեւս չի հավատում)։ Արդյոք օրենքի արտաքին-քաղաքական ուղերձն այն չէ՞, որ Արցախն ընդունում է քառասունչորսօրյա պատերազմի հետեւանքով ԼՂ ապագա կարգավիճակային տարածքի մի մասի կորուստը։
Օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ վերջնական ընդունելուց հետո ԱՀ ԱԺ-ն նույն նիստում Հայտարարություն է ընդունել, որով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է անում իրենց մանդատի ուժով վերսկսելու ԼՂ կարգավորման բանակցություններ։ Անցած ավելի քան մեկ տարում սա, եթե չեմ սխալվում, այդ մակարդակով միջնորդներին հղած առաջին ուղերձն է։ Ինչպե՞ս հասկանալ։ Մի՞թե այն իմաստով, որ «մենք մեր բաժին ճանապարհն անցել ենք, մնում է դուք մի հանգրվանի հասցնեք ամբողջ գործընթացը»։ Զերծ կմնամ էմոցիոնալ որակումներից, վերագրումներից, պիտակավորումներից, բայց «նստվածքը մնում է»։ Կպչուն հոռետեսությունը՝ նույնպես։ Որքան կուզենայի՝ սխալված լինեի, բայց ոչ սխալ հասկացված։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։