Բջջային հավելված, մեկ-երկու հպում, եւ աչքիդ առջեւ են հայտնվում դարեր առաջ կառուցված, այժմ կիսավեր ու խոնավ հայկական կոթողները։ Կարողանում ես «քայլել» ներսում, կարդալ արձանագրություններն ու լսել կոթողի կառուցման պատմությունը միանգամից երեք լեզուներով։
Մարզերի պատանիները խելք խելքի են տվել ու որոշել թվային տեխնոլոգիաները մի քանի դար հետ տանել կամ մի քանի դար առաջ կառուցված եկեղեցիները բերել երրորդ հազարամյակ։
Արագածոտնի Թալին քաղաքից Վիգենն ու Արմավիրի Շենիկ գյուղից Վարդանը 2018-ին, երբ ընդամենը 16 ու 17 տարեկան էին, հիմնադրել են «Թեյք Առ» հայկական սթարթափը, որը զբաղվում է ընդլայնված իրականության (AR Augmented Reality) տեխնոլոգիայի հիմքով բջջային հավելվածների պատրաստմամբ։
AR տեխնոլոգիան թույլ է տալիս սմարթֆոնի տեսախցիկի միջոցով ճանաչել մեզ շրջապատող միջավայրի բաղադրիչները (նկարները, օբյեկտները) եւ միջավայրը համալրել թվային բովանդակությամբ (3D մոդել, 2D անիմացիա, աուդիո, վիդեո եւ այլն): 3,5 տարում 2-հոգանոց թիմը համալրվել է։
Այժմ «Թեյք Առ»-ում 7 պատանիներ են աշխատում՝ Հայաստանի 5 մարզերից։
«Թեյք Առ»-ի համահիմնադիր, տնօրեն Վիգեն Խաչատրյանը ոգեւորությամբ է հիշում իրենց վերականգնած առաջին եկեղեցին՝ իր ծննդավայր Թալինի Սուրբ Կաթողիկեն։ Կիսավեր, խոնավ կառույցը թվային տեխնոլոգիայի շնորհիվ նոր կյանք է ստացել։
Նախագիծը հաջողել է, պատանիներն էլ որոշել են մեծացնել ծրագրի ծավալները։ Մրցույթի են մասնակցել ու հաղթել։ Այդ ծրագիրը պետք է նպաստեր հյուսիսային երեք մարզերի զբոսաշրջության զարգացմանը։ Հաղթելով մրցույթը՝ սկսել են թվայնացնել Լոռվա մարզի Թումանյանի շրջանի 10 մշակութային կոթողները։
Այժմ հավելվածի միջոցով հնարավոր է սքանավորել կառույցների նկարներն ու «մտնել» եղեկեցիներ, տեսնել պատերի անգամ ամենափոքր տեքստերը, կարդալ ու լսել կոթողների մասին տեղեկություններ։
Կենսաբանության լաբորատորիան՝ ձեռքի մեջ
Եկեղեցիների վերականգնումը միակ նախագիծը չէ, որ պատանիներն իրականացնում են։ Նրանք փորձում են թվային տեխնոլոգիաներն ավելի կիրառելի դարձնել կրթական համակարգում։ Մարզեցի պատանիները նախաձեռնել են դասագրքերի թվայնացում։ Ծրագիրը դեռ փորձնական փուլում է, բայց հասցրել են «կենդանացնել» 8-րդ դասարանի «Կենսաբանություն» դասագրքի «Մարդու անատոմիա» բաժնի մի քանի էջեր։
«Հայաստանյան կրթական համակարգում տասնյակ տարիներ պահպանվում են բովանդակության մատուցման հիմնական գործիքները, մինչդեռ աշակերտների համար այս դարում հույժ կարեւոր է ուսումնառության ընթացքում օգտագործել գործիքներ, որոնք կարագացնեն եւ կհեշտացնեն ինֆորմացիայի ստացման գործընթացը»,- ասում է Վիգենն ու ներկայացնում այն հնարավորությունները, որ կընձեռի հավելվածի կիրառումը։
«Բովանդակությունը, որ պակասում է լաբորատորիաներում, կլրացվի հավելվածի միջոցով, բայց հավելվածը չի լինի պարզապես լաբորատորիաներին փոխարինող միջոց։ Այն ավելի լայն հնարավորություններ կտրամադրի` հասանելիություն ցանկացած վայրում ու ցանկացած պահի, մարդու օրգանների եւ դրանց աշխատանքի դիտարկում եւ ուսումնասիրում 3D ձեւաչափով, դասի համառոտ տարբերակի ձայնագրությունը լսելու հնարավորություն»,- ասում է Վիգենն ու ընդգծում, որ այդպիսով AR տեխնոլոգիան թույլ կտա բովանդակությունը ստանալ այնպիսի ձեւաչափով, որով հնարավոր է լայնացնել տեղեկություն ստանալու զգայական սպեկտորը։
Բացի այդ՝ հավելվածը կարող է հիմք դնել աշխարհում ամենահայտնի եւ կիրառական տեխնոլոգիաներից մեկի լայնակի կիրառմանը հայաստանյան հանրակրթության մեջ: Հավելվածի միջոցով աշակերտները դուրս կգան գրքի էջերի սահմաններից եւ իրենց սմարթֆոնները կօգտագործեն որպես հանրակրթություն ստանալուն օժանդակող գործիք։ Այդպիսով ամենահեռավոր գյուղի աշակերտն էլ հնարավորություն կունենա օգտվելու թվային լաբորատորիաներից՝ անկախ դպրոցում լաբորատորիայի հագեցվածությունից։
Երիտասարդության ձայնը լսելի՞ է
Ծրագրի մասշտաբների մեծացման համար պատանիները դիմել են թե՛ պետական, թե՛ մասնավոր տարբեր կառույցների։ Ասել են՝ հավանում են, հեռանկար ունեցող նախագծեր են, բայց ֆինանսավորման պատրաստակամություն չեն հայտնել եւ ուղղորդել են դեպի այլ կառույցներ։
Պատանիները, սակայն, չեն հուսահատվում։ Շարունակում են դիմել հնարավոր բոլոր մրցույթներին ու նախաձեռնություններին՝ դոնորներ գտնելու համար։
Երիտասարդները հույս ունեն, որ իրենց նախագծերը կնպաստեն մարզերի կյանքի աշխուժացմանը, զբոսաշրջության զարգացմանն ու մարզերի միջեւ ավելի ակտիվ շփումների հաստատմանը։ Իրենց օրինակով էլ ցույց են տալիս, որ, օրինակ, տավուշցին ու արմավիրցին կարող են աշխատել նույն ծրագրում ու թվային տեխնոլոգիաների միջոցով հեշտությամբ հատել կիլոմետրերը։
Տավուշի Ջուջեւան գյուղից 18-ամյա Մհերը «Թեյք Առ»-ում եռաչափ մոդելավորում է անում։ Սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա ու կրակոցների ձայնի տակ մեծացած տղան միաժամանակ սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Ուզում է ուսումն ավարտելուց հետո մշտապես Տավուշում ապրել, սակայն աշխատատեղ գտնելը խնդիր է։
«Մարզերում մնալու համար համապատասխան աշխատանքներ պետք է լինեն։ Մարդիկ ստանում են բարձրագույն կրթություն, բայց հետո զբաղվում են հողագործությամբ, իրենց ներուժը սխալ է ծախսվում։ Ընտրության առջեւ են կանգնում՝ մնալ Երեւանում եւ աշխատել մասնագիտությա՞մբ, թե՞ վերադառնալ մարզ, չգտնել աշխատանք, ստիպված այլ բանով զբաղվել»,- իր մտահոգությունն է հայտնում Մհերը եւ ընդգծում՝ փորձելու է հայրենի մարզում այնպիսի գործով զբաղվել, որ կարողանա աշխատատեղ ստեղծել այլ երիտասարդների համար եւս։
Թալինցի Վիգենն էլ իր ապագան ծննդավայրից բացի այլ տեղ չի պատկերացնում։ Վստահ է՝ ոչ մի օր չի էլ մտածի Երեւանում կամ առավել եւս որեւէ այլ երկրում մշտական բնակություն հաստատելու մասին։ «Դրան նպաստում է նաեւ մասնագիտությանս ընտրությունը, որը հնարավորություն է տալիս աշխատելու աշխարհի ցանկացած կետից ու զարգացնելու սեփական համայնքը»,- ասում է նա։
Տղաները վստահ են՝ երիտասարդները մեծ ներուժ ունեն ու մի փոքր աջակցության դեպքում կարող են «սարեր շուռ տալ», բայց պետական աջակցություն չկա։ Տարբեր նախարարությունների որոշ վարչություններ երիտասարդների հետ ու համար տարբեր նախագծեր են անում, սակայն համակարգային լուծումներ չկան։
«Հատկապես պատերազմից հետո երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն կա։ Տարբեր նախաձեռնություններ են անում, ինքնակազմակերպվել են, իրականացրել տարբեր համայնքային նախագծեր՝ սկսած աղբահանությունից մինչեւ մեդիագրագիտության դասավանդում։ Բայց երիտասարդների ձայնը լսելի չէ։ Տարբեր ծրագրերում երիտասարդների աշխատանքը հեշտացնելու փոխարեն բարդացնում են»,- նկատում է Վիգենը եւ ամփոփում զրույցը։
«Կրթության հանդեպ սերը պակասել է, մինչդեռ մենք այնպիսի փուլում ենք, որ պետք է կրթությունը սիրենք ամեն ինչից շատ»։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: