ՌԴ քաղաքացիներին ուղղված իր հեռուստաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ որոշում է ընդունել ճանաչելու Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։
«Ես անհրաժեշտ եմ համարում ընդունել վաղուց ուշացած որոշում՝ ճանաչելու ԴԺՀ–ն ու ԼԺՀ–ն։ Խնդրում եմ Դաշնային ժողովին վավերացնել երկու հանրապետությունները ճանաչող փաստաթղթերը, ինչպես նաեւ բարեկամության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրերը»,– ասել է Պուտինը։
ՌԴ նախագահն ուղերձից հետո ստորագրել է Լուգանսկի եւ Դոնեցկի անկախությունը ճանաչելու մասին հրամանագրերը, իսկ Դոնեցկի եւ Լուգանսկի ղեկավարների հետ ստորագրել բարեկամության եւ փոխադարձ օգնության մասին համաձայնագրեր:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը փետրվարի 21-ի առավոտյան ամերիկյան CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, թե Ռուսաստանն ուրիշի տարածքին չի հավակնում եւ Դոնբասն ու Լուգանսկը համարում է Ուկրաինայի մաս։ «Մենք չեն փորձում արտասահմանյան երկրի որեւէ տարածք գրավել»,- շեշտել էր դեսպանը:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը փետրվարի 21-ին ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչումը Մոսկվայի համար միակ ելքն է: Ըստ նրա՝ եթե իրավիճակը բացասական սցենարով զարգանա, կայունացման ոչ մի նշան չի լինի:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցների ընթացքում հայտնել էր Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնիշխանությունը ճանաչելու հրամանագիր ստորագրելու մտադրության մասին։