Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի` ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի եւ Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ իրականացված սեքվենավորման (ՊՇՌ դրական նմուշների) արդյունքները ցույց են տվել, որ ներկայում Հայաստանում շրջանառվում է նաեւ ՔՈՎԻԴ-19 «Օմիկրոն» տարբերակը (շտամը), այդ թվում՝ «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը։
Գիտնականների կարծիքով` «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, եւ մի շարք հետազոտությունների համաձայն՝ ընդունակ է հիվանդությանն ավելի ծանր ընթացք հաղորդելու։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ։ Նա նշել էր, որ ուրախացնում է միայն այն, որ հիվանդացածների շրջանում հոսպիտալացման կարիք ունեն միայն 5-6 տոկոսը։