Թուրքական Sabah օրաթերթն ահազանգում է Մարմարա ծովում մեծ քանակությամբ լորձանման զանգվածի ի հայտ գալու վերաբերյալ՝ հիշեցնելով, որ նույն խնդիրն առաջացել էր նաեւ 2021 թվականի մարտին, ինչն, ըստ բնապահպանների, հետեւանք է ջերմաստիճանի բարձրացման, աղտոտման, թթվածնի քանակի անկման ու թույլատրելի չափից ավելի ձկնորսության։
Այս տարի լորձանման զանգվածներ են նկատվել Ստամբուլի Մալթեփե թաղամասի ափամերձ շրջաններում։ Նման երեւույթը լուրջ բնապահպանական վտանգ է ներկայացնում ծովի բուսական ու կենդանական աշխարհի համար, որովհետեւ, չնայած ծովի մակերեսի մաքրման աշխատանքներին, լորձանման զանգվածն իջնում է ծովի հատակը։ Իսկ բակտերիոլոգիական տեսանկյունից այս զանգվածի միայն մի փոքր մասն է ինքնուրույն քայքայվում։
2021 թվականին արված հետազոտությունները եւս մեկ անգամ փաստել են աղտոտման հարցի հրատապությունը, որն արդեն վերածվել է լուրջ բնապահպանական խնդրի, և որի համակարգային լուծման համար անհրաժեշտ են բնապահպանների, կենսաբանների ու ոլորտի պատասխանատու պաշտոնյաների ուշադրությունն ու ներգրավվածությունը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը