ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է պաշտոնական Պեկինի տեսակետը, ըստ որի՝ Ուկրաինայի շուրջը ճգնաժամի կարգավորումը պետք է իրականացվի երկխոսության եւ խորհրդակցությունների ճանապարհով՝ հաշվի առնելով շահագրգիռ բոլոր կողմերի մտահոգությունները:
Ըստ նրա՝ Չինաստանը ողջունում է դիվանագիտական միջոցներով ուկրաինական խնդրի կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը եւ բոլոր կողմերին հորդորում ձեռնպահ մնալ լարվածության սրման հանգեցնող գործողություններից։
ՉԺՀ-ի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Վան Վենբինը դեռ փետրվարի 18-ին հայտարարել էր, որ ճգնաժամի ամբողջական կարգավորումը կարող է ձեռք բերվել միայն Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա։
Ըստ նրա՝ միայն այդ դեպքում երկխոսության եւ բանակցությունների օգնությամբ ուշադրություն կհատկացվի անվտանգության բնագավառում ՌԴ-ի եւ մյուս կողմերի օրինական անհանգստությանը։ Մինչդեռ ապատեղեկատվությունը միայն բորբոքում է պատերազմի սպառնալիքը եւ չի նպաստում խաղաղության հաստատմանը:
Չինաստանի արտգործնախարար Վան Ին ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցում ասել է, որ Պեկինը մտահոգված է ուկրաինական զարգացումներով։