Ռուսաստանի Դաշնության՝ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումից հետո առաջին հստակ պատժամիջոցը եղավ Գերմանիայի կողմից։ Նախագահ Պուտինի հայտարարությունից անմիջապես հետո Բեռլինի իշխանությունները դադարեցրել են ռուսական գազը դեպի Գերմանիա տեղափոխող «Հյուսիսային հոսք 2» ծրագրի հաստատման գործընթացը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր խոսքում նշել է․ «Ռուսաստանի այս քայլից հետո «Հյուսիսային հոսք 2» ծրագիրը չի կարող հաստատվել։ Գերմանիան դիտարկում է բնական գազի ներկրման դիվերսիֆիկացիայի տարբերակներ»։
Ռուսաստանի տարեկան եկամտի 60%-ը գոյանում է հիդրոկարբոնային արտադրանքից։ Իսկ բենզինի ու բնական գազի արտահանումը կազմում է երկրի տնտեսության մեկ երրորդը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Բայդենը եւս հայտարարել է, որ ստորագրել է երկու երկրների միջեւ առեւտրային ու ֆինանսական համագործակցություններն արգելող որոշում։
Ավելի վաղ Գերմանիայի տնտեսական հարցերով նախարար Ռոբերտ Հաբեկը նախազգուշացրել էր, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի ապագան Ռուսաստանից Գերմանիա կարող է «ծանր հետևանքների բախվել», եթե Ռուսաստանը ռազմական գործողություններ ձեռնարկի Ուկրաինայի հանդեպ: Նա զգուշացրել էր, որ ռուսական ներխուժումը կարող է Բեռլինին ստիպել վերանայել իր համագործակցությունը Ռուսաստանի հետ գազատարի հարցում:
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը