Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հայտարարել է, որ Եվրախորհրդարանը չի ճանաչել Արցախյան 44-օրյա պատերազմի ելքը։
Այսօր Երեւանում անցկացվող «Եվրանեսթի» ԽՎ բյուրոյի նիստի իր ելույթում Մարինա Կալյուրանդն ընդգծել է, որ պատերազմը երբեք ընդունելի լուծում չէ, կայուն, երկարաժամկետ խաղաղությունը պետք է ձեռք բերվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո` բանակցությունների միջոցով: Պատվիրակության ղեկավարը հիշեցրել է, որ այս դիրքորոշումը վերահաստատվել է ԵԽ-ում անցյալ շաբաթ ընդունված բանաձեւով։
Նա նշել է, որ խնդրի լուծում կարող են լինել համատեղ փոքր քայլերը՝ սահմանազատման գործընթացը, փոխադարձ վստահությունն ու հարգանքը: Եվրապատգամավորը կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալու վիրավորական ու բեւեռացնող արտահայտություններից։
Մարինա Կալյուրանդն ընդգծել է, որ իրենք այստեղ են օգնության համար, բայց խնդրի լուծումը պետք է գտնեն երկու կողմերը: