ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոնաթան Ֆայները հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը Դոնեցկի եւ Լուգանսկի անկախությունը Ռուսաստանի կողմից ճանաչելը դիտարկում է որպես ռուսական ներխուժման սկիզբ։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգների արձագանքը կլինի կոշտ եւ հետեւողական:
Պատժամիջոցներ հինգ բանկերի եւ երեք ֆիզիկական անձանց դեմ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնել է, որ Լոնդոնը պատժամիջոցներ է ընդունել ռուսաստանյան հինգ բանկերի եւ երեք ֆիզիկական անձանց՝ գործարարներ Գենադի Տիմչենկոյի, Բորիս եւ Իգոր Ռոտենբերգների դեմ։ Ռուսաստանցի երեք միլիարդատերերն էլ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից են։
«Արեւմուտքը չի սխալվել իր կանխատեսումներում, եւ վերջին 24 ժամվա իրադարձությունները դրա մասին են վկայում, — հայտարարել է բրիտանական կառավարության ղեկավարը եւ հավելել, — Արեւմուտքը Պուտինին հնարավորություն է տվել իրավիճակը կարգավորելու դիվանագիտական ճանապարհով, բայց Ռուսաստանը դրանից չի օգտվել»։
Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի նաեւ Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողությունները ֆինանսավորող բանկերի նկատմամբ։ Քայլեր են ձեռնարկվելու նաեւ ռուսաստանյան պետական ֆինանսական ոլորտի հանդեպ՝ Մոսկվայի ագրեսիվ քաղաքականությունն ու առեւտուրը երկու ինքնահռչակ հանրապետություններում զսպելու նպատակով։
Դիվանագիտական հարաբերությունների խզման շեմին
Ըստ Ուկրաինայի Գերագույն ռադայի պաշտոնական կայքի՝ ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն երկրի խորհրդարան է ներկայացրել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին որոշման օրինագիծ։ Ըստ պատգամավորի՝ Կիեւը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները պետք է դադարեցնի, քանի որ Մոսկվան տարեցտարի սրում է ագրեսիան Ուկրաինայի դեմ։
«Նախ Պուտինը բռնակցեց Ղրիմը, հետո պատերազմ սկսեց Դոնբասում, հիմա էլ շարունակում է ճնշումներ գործադրել։ Նա ճանաչել է իր խամաճիկների՝ այսպես կոչված Դոնեցկի եւ Լուգանսկի անկախությունը: Իր այդ հայտարարությամբ Պուտինը, փաստորեն, ինքն էլ դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները մեզ հետ»,- իր տելեգրամյան գրառման մեջ նշել է Գոնչարենկոն՝ առաջարկելով անհապաղ քննարկել այս օրինագիծը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունից անմիջապես հետո Բեռլինի իշխանությունները դադարեցրել են ռուսական գազը Գերմանիա տեղափոխող «Հյուսիսային հոսք 2» ծրագրի հաստատման գործընթացը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նշել է, որ Ռուսաստանի այս քայլից հետո «Հյուսիսային հոսք 2» ծրագիրը չի կարող հաստատվել։ Գերմանիան դիտարկում է բնական գազի ներկրման դիվերսիֆիկացիայի տարբերակներ։