Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե հայկական կողմից ակնկալում է Ղարաբաղի տարածքից զորքերի դուրսբերում, ինչպես նաեւ Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունների բացում:
«Ակնկալում ենք, որ հայկական կողմն ամբողջովին կիրականացնի 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 10-ին ստորագրված արձանագրությունների բոլոր կետերը»,- շեշտել է Ալիեւը:
Նա նշել է, թե այդ կետերը վերաբերում են Ղարաբաղի տարածքից հայկական զորքերի դուրսբերմանը, ինչպես նաեւ Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ բոլոր հաղորդակցությունների բացմանը: Ըստ Ալիեւի՝ դա հայկական կողմի իրավական պարտավորություններից է, եւ որ այդ ուղղությամբ աշխատանքները դանդաղ են ընթանում։
Ավելի վաղ Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը հայտնել էր, որ մինչեւ այս տարվա հուլիս շահագործման կհանձնվի Բերձոր քաղաքի շրջանցմամբ կառուցվող 28 կմ երկարությամբ ավտոմոբիլային ճանապարհը, որը կմիացնի Լաչինի շրջանի (Քաշաթաղի) 6 գյուղերը։
Ըստ Մամեդովի՝ արդեն կառուցվել է 17 կմ երկարությամբ հատվածն ու կամուրջ Հակարի գետի վրայով։
Մեջբերում պաշտոնական փաստաթղթից.
Ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2020-ի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետի՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 1960 զինվորներով` հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայով:
ՌԴ նախագահի պաշտոնական կայքում 2020-ի նոյեմբերի 10-ին հրապարակված փաստաթղթով Արցախի Պաշտպանության բանակի կազմացրում, զինաթափում նախատեսված չէ։