«Ինը տարի աշխատել եմ Ալավերդու պղնձաձուլարանում՝ քիմիական լաբորատորիայում, բայց այդ ընթացքում հասկացա, որ չպետք է հիմնվել միայն գործարանի վրա, գուցե գա ժամանակ, որ այդ աշխատանքն այլեւս չլինի։ Որոշեցի սեփական նախաձեռնություն սկսել»,- պատմում է Ալավերդի քաղաքի բնակիչ Վիգեն Մնացականյանը։ Նախաձեռնության համար Վիգենը միայն երկու մեղվափեթակ ուներ եւ պապից ժառանգած մեղվաբուծության մեծ փորձ։ 2014 թվականին` պապի մահից հետո, Վիգենը Ալավերդիի վերին թաղամասում տարածք է վարձակալում։ Գործարանից ստացած աշխատավարձի մի մասը հատկացնում է մեղվաբուծությանը։ «Ընտրեցի վայրը, որտեղ պետք է լիներ մեղվաբուծարանը։ Ընկերներս գալիս, նայում, ասում էին՝ «Ի՞նչ ես անում էս սարի վրա», ասում էի` «Մեղվաբուծարան եմ ունենալու, ցուցասրահ, հյուրատուն»: Ընկերներիս թերահավատ վերաբերմունքը ստիպեց ինձ գալ ու այստեղ հաստատվել. ուզում էի հեռու լինել նման խոսակցություններից»,- պատմում է Վիգենը, որ երկու մեղվաընտանիքը սելեկցիայի միջոցով հասցրել է 80-ի։
Եվրամիության աջակցության, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի իրականացրած տարբեր բիզնես թրեյնինգների է մասնակցել, դրամաշնորհներ ստացել եւ անցել գործնական քայլերի։
«Տարիներ առաջ ներդրումային դաշտն ուսումնասիրելու նպատակով ճապոնացի գործարարներ էին եկել Ալավերդի: Մեղվաբուժության հետ կապված գաղափարս զարմացրեց նրանց։ Ոգեւորվեցի ու վճռեցի անպայման իրականացնել ծրագրերս»,- պատմում է մեղվաբույծը։ Մասնակցում է սկսնակ գործարարների համար Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կազմակերպած դասընթացներին, օգտվում կենտրոնի տրամադրած ցածր տոկոսներով վարկավորումից։
Դասընթացի ընթացքում Վիգենի ներկայացրած բիզնես նախագիծը լավագույնն է ճանաչվում։ 1 մլն դրամ վարկից բացի՝ մեղվաբույծը Հայաստանում ԵՄ պատվիրակությունից 1,5 մլն դրամի չափով դրամաշնորհ է ստանում։
Վիգենը ճարտարապետ հոր օգնությամբ կառուցում է փայտե տնակներ, ավելի ճիշտ՝ ապիտնակներ։ Փայտաշեն տնակներում երկու մահճակալ է դրված, որոնց մեջ փեթակներ են տեղադրված՝ պաշտպանիչ ցանցով, դրսի պատին հատուկ անցքեր են արված, որոնց միջով մեղուները մտնում են իրենց փեթակները։ Մեղրամոմի, նեկտարի բույրը, ծաղկափոշին մարդու շնչուղիների համար դրական ազդեցություն ունեն։
«Տնակների մեջ ամբողջ գիշեր լսվող բզզոցն ու դրանից առաջացած միկրոալիքները նույնպես մարդու օրգանիզմի վրա դրական ներգործություն են ունենում։ Բուժման կուրսը սովորաբար տեւում է օրական 1-2 ժամից մինչեւ 8 ժամ, գիշերելը նույնպես կուրս է համարվում»,- ասում է Վիգենն ու քայլերն ուղղում դեպի փայտաշեն ցուցասրահ։ Այստեղ երիտասարդ ձեռներեցը մեղվաբուծության վարպետաց դասեր է անցկացնում զբոսաշրջիկների համար։ Մեղրի համտեսը, թեյախմությունը «ArmBee Honey Farm»-ի հյուրերի սիրելի արարողությունն են դարձել։ Հյուրերին տեղում առաջարկում են նաեւ ալավերդցի կանանց ձեռագործ հուշանվերներ, հելյունագործ մեղուներն արագ սպառվում են։ Վաճառքի են դրված նաեւ մեղրամոմի հումքով արտադրված մոմեր, որոնք բակտերիասպան հատկություն ունեն։
««ArmBee» Honey Farm»-ն իր առջեւ դրված խնդիրներին հասնում է տարբեր կազմակերպությունների միջոցով, օրինակ՝ այս պահին մասնակցում եմ Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիայի կազմակերպած դասընթացներին, որը ֆինանսավորում են Եվրոպական միությունն ու Գերմանիայի Հանրապետության կառավարությունը»,- ասում է Վիգենը: Պատրաստվում է ընդլայնելու հյուրատունը․ ավելացնելու է նոր ապիտնակներ, նոր ծառայություններ, հատուկ կահավորված սրահ, որտեղ արոմաթերապիա է անցկացվելու. հատուկ շնչադիմակների միջոցով հյուրերը մեղուների փեթակների օդն են շնչելու։
«Որոշել ենք ընդլայնել այնքան, որ կարողանանք միանգամից 30 հյուրի ընդունել ու մեղրի հիմքով ուտեստներ հյուրասիրել՝ մեղրը ներկայանալի դարձնել Ալավերդիում»,- իր ծրագրերի մասին պատմում է մեղվաբույծն ու մեջբերում Հիպոկրատի խոսքերը. «Եթե ձեզ այլեւս ոչինչ չի օգնում, դիմե՛ք մեղուներին»: Վիգենը վստահ է, որ մեղվաբուժության հնագույն այս մեթոդը միշտ էլ պահաջարկ կունենա։ Ապիթերապիան (մեղվաբուժությունը) ներկայումս ինտենսիվ զարգանում է ամբողջ աշխարհում: Մշակվել ու արդեն կիրառվում են մեղվաբուժության արտադրանքի հարյուրավոր դեղաձեւեր: Ճապոնիայում, օրինակ, գործում է բժիշկների խոշոր կազմակերպություն, որը զբաղվում է բազմաթիվ հիվանդություններ բացառապես մեղուների խայթոցներով բուժելու ուղղությամբ:
Հյուրատան տարածքում Վիգենը տիկնոջ հետ նաեւ բանջարեղեն է աճեցնում: Բերքը, որպես կանոն, լավ է ստացվում շնորհիվ մեղուների փոշոտման։ Էկոլոգիապես մաքուր բանջարեղենից առաջարկվող ուտեստները նույնպես գրավում են զբոսաշրջիկներին։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։