ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ ծայրահեղ ատելություն ու վիրավորանք պարունակող հայտարարություններ հնչեցնելու առնչությամբ:
Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտը ադրբեջանական լրատվամիջոցներին մեծ ուրախություն է պատճառել
ՄԻՊ-ի գրասենյակում դա կապում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, Պաշտպանի՝ Արցախ կատարած վերջին այցի հետ: Նշվում է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտը ադրբեջանական ԶԼՄ-ներին մեծ ուրախություն է պատճառել:
Հայատյացություն պարունակող հրապարակումներ
«Այդ հրապարակումներից ներկայացնում ենք լուսանկարներով մի քանի օրինակ, որ պարզ լինի ծայրահեղական բառապաշարը՝ սկսած ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին «հոգեկան առողջության, գլխի ու այլ հիվանդություններ» վերագրելուց, «հիստերիա» կամ «գողական», «հոգեպես խանգարված» անվանելուց մինչեւ սպառնալիքներ»: Այս հրապարակումները նաեւ պարունակում են մեծածավալ խորքային հայատյացություն:
Անհիմն քննադատությունից մինչեւ խորքային վիրավորանք
Ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներից բնակիչների իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձի, ապառազմականացված անվտանգության գոտու, ինչպես նաեւ ադրբեջանական իշխանությունների խաղաղասիրական կոչերի անազնիվ լինելու վերաբերյալ մեր հիմնավորված վերլուծությունները դարձել են ոչ թե պարզապես քննադատության, այլ խորքային վիրավորանք ու ատելության առարկա՝ միախառնված բազմաթիվ սպառնալիքներով:
Օմբուդսմանի միջազգային դերի մասին թյուր պատկերացում
Ակնհայտ է, որ չկա պատկերացում կոնկֆլիկտային կամ հետկոնֆլիկտային իրավիճակներում Մարդու իրավունքների հաստատության կամ օմբուդսմանի միջազգային դերի մասին կամ անտեսում են ամեն ինչ. բոլոր հրապարակումներն անխտիր քաղաքական երանգներով են` բացահայտ անհիմն:
Հատուկ արձանագրում ենք, որ անկախ վիրավորանքի ու ատելության այս արշավներից՝ Պաշտպանը մշտապես բարձրացրել է ՀՀ քաղաքացիների, սահմանային բնակիչների, Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքներին առնչվող հարցերը»,- նշված է ՄԻՊ-ի գրասենյակի հայտարարությունում:
Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2016 թվականի փետրվարի 23-ին։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետով Պաշտպանի լիազորությունների ժամկետն ավարտված է համարվում նրա՝ պաշտոնի ստանձնմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:
2022 թվականի փետրվարի 23-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման վերջին օրն է։ Արման Թաթոյանին այս պաշտոնում փետրվարի 24-ին կփոխարինի «ՔՊ» կողմից ընտրված Քրիստինե Գրիգորյանը։