Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ փետրվարի 22-ից Մոսկվան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հետ։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սույն թվականի փետրվարի 21-ի №71 հրամանագրի համաձայն՝ այսօր՝ 2022 թվականի փետրվարի 22-ին, Ռուսաստանի ԱԳՆ-ի եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ԱԳՆ-ի, ինչպես նաեւ Ռուսաստանի ԱԳՆ-ի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ԱԳՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեսպանատների մակարդակով»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությաունում:
Մինսկյան համաձայնություններն այլեւս գոյություն չունեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ մինսկյան համաձայնություններն այլեւս գոյություն չունեն: Նա հավելել է, որ մինսկյան համաձայնագրերը «սպանվել են» Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչումից շատ ավելի վաղ:
«Ուզում եմ ընդգծել, որ մենք հետաքրքրված էինք միջոցառումների այդ փաթեթի իրականացմամբ, բայց Կիեւը բոլոր ջանքերն այդ ուղղությամբ զրոյի հավասարեցրեց, մինսկյան համաձայնությունները սպանվել են Ուկրաինայի ղեկավարության կողմից Դոնբասի ժողովրդական հանրապետության երեկվա ճանաչումից շատ ավելի վաղ»,- նշել է Վլադիմիր Պուտինը: