ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակը կկարգավորվի, եթե Ուկրաինան ապառազմականացվի եւ հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտքից։
Իրավիճակի կարգավորման համար Պուտինն Ուկրաինային եւ ժողովրդավարական երկրներին մի շարք առաջարկներ է արել:
«Առաջին հերթին նրանք պետք է ճանաչեն Ղրիմի թերակղզու բնակիչների Ռուսաստանի հետ վերամիավորվելու որոշումը»,- ասել է Ռուսաստանի նախագահը: Ուկրաինան իր հերթին պետք է կամավոր հրաժարվի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու գաղափարից:
Պուտինը նաեւ պահանջել է, որ Արեւմուտքը դադարեցնի «Կիեւի ներկա իշխանություններին ժամանակակից զինատեսակներով հարստացնելը»։
Կիեւին թույլ չի տա վերադառանալ միջուկային կարգավիճակին
ՌԴ նախագահը ասել է, որ Մոսկվան, հակառակ Ուկրաինայի իշխանությունների հայտարարություններին, չի կարող թույլ տալ Կիեւի վերադարձը միջուկային կարգավիճակին։ «Նույնիսկ մարտավարական միջուկային զենքի հայտնվելը Ուկրաինայում նշանակում է ռազմավարական սպառնալիք մեզ համար»,- շեշտել է ՌԴ նախագահը։
Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը ճանաչում է ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն իրենց սահմանադրությամբ հաստատված սահմաններով: Ըստ նրա՝ բոլոր վիճելի հարցերը կլուծվեն Կիեւի ներկա իշխանությունների եւ այդ հանրապետությունների ղեկավարության միջեւ բանակցությունների ընթացքում։
ՌԴ նախագահը հավելել է, որ Մոսկվայի հետագա գործողությունները կախված կլինեն տեղում ձեւավորվող կոնկրետ իրավիճակից։