Գորիս–Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհներին 2021-ի նոյեմբերի 11-ից եւ նոյեմբերի 15-ից ադրբեջանական անցակետերի տեղադրման ու այլընտրանքային ավտոճանապարհի անմատչելիության հետեւանքով Հայաստան–Իրան առեւտրաշրջանառությունը կրճատվել է։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ ՀՀ-ն 2021-ին, 2020-ի համեմատ, Իրանի հետ առեւտրաշրջանառության 25 տոկոսանոց աճ է արձանագրել եւ հասել 500 միլիոն դոլարի սահմանաչափի։
«Բայց այս աճն անհամեմատ ավելի քիչ է եղել, քան նախատեսել էինք։ Այնպես որ ասել` կրճատվել է, ճիշտ չէ, պետք է ասել` քիչ է աճել»,– ասել է Քերոբյանը փետրվարի 23-ի ճեպազրույցում։
Եթե Հայաստանը տնտեսապես չի տուժել, Ադրբեջանն ո՞ւմ հաշվին է շահել
2022-ի հունվարի 19-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողներին ասել էր, թե Գորիս–Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակից Հայաստանը տնտեսապես չի տուժել։
2021-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի ՊԵԿ նախագահ Սաֆար Մեհտիեւն էլ հայտարարել էր, թե Գորիս-Կապան ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցներից գանձվող գումարից Ադրբեջանի պետբյուջե է մուտքագրվել մոտ 1,2 միլիոն դոլար։