Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «Ուկրաինա 24» հեռուստաալիքով ժողովրդին ուղղված տեսաուղերձում ասել է, որ երկրի համար այս հատուկ ժամանակահատվածում պահեստազորայիններին զորակոչելու մասին հրամանագիր է ստորագրել։
Ըստ Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հաղորդագրության՝ Ուկրաինան սկսել է 18-ից մինչեւ 60 տարեկան պահեստայինների զորակոչ: Դրանք կլինեն ինչպես սպաներ, այնպես էլ շարքային եւ սերժանտական կազմ։
«Պետք է բարձրացնենք ուկրաինական բանակի պատրաստվածությունը օպերատիվ իրավիճակում հնարավոր բոլոր փոփոխությունների համար»,- ասել է Զելենսկին։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ առաջիկայում կանցկացվի նաեւ պահեստազորայինների ուսումնական հավաք տարածքային պաշտպանության համակարգի շրջանակում։ Նախագահը նաեւ նշել է, որ առայժմ ընդհանուր մոբիլիզացիայի կարիք չկա:
Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայում մեկնարկելու է տնտեսական հայրենասիրության ծրագիրը, որի շրջանակում կկրճատվի բիզնեսի եւ բանկային համակարգի հարկային բեռը, ԱԱՀ-ն բենզինի եւ դիզվառելիքի նկատմամբ։
Ուկրաինայի նախագահը նախատեսել է հանդիպել ուկրաինական բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ուկրաինական բանակին օգնելու համար ներդրումային հիմնադրամ ստեղծելու հարցով։