Փետրվարի 22-ին Գյումրիում տեղի ունեցավ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում (LEAD4Shirak)» ծրագրի գործընկերության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։
Ծրագիրը ֆինանսավորում են Եվրոպական միությունը եւ Ավստրիական զարգացման համագործակցությունը, իրականացնում է Ավստրիական զարգացման գործակալությունը։ Ծրագիրը համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ։
Հուշագիրը կնքվեց Շիրակի հյուսիսի 21 գյուղերի 33 եւ հարավի 8 գյուղերի 28 անդամների միջեւ։
Այն ամուր կապ կդառնա հասարակության, բիզնեսի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջեւ։ Ներկայացված բոլոր կողմերը իրենց գաղափարները կներդնեն հանուն իրենց գյուղի զարգացման ու բարօրության։
Մի քանի օրից համայնքներում կազմավորվելու է արդեն ձեւավորված տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) խորհուրդը։ Համայնքներում կգործեն նաեւ պաշտոնական խմբեր, որոնք կիրականացնեն ներքին կառավարում։ Ծրագրի պատասխանատուները մասնակիցներին մենակ չեն թողնի, կլինեն հաճախակի այցեր, մասնագիտական խորհուրդներ։
Ապրիլին հայտարարվելու են դրամաշնորհային մրցույթներ մասնակից բոլոր համայնքներում։ Ծրագիր ներկայացնելու պարտադիր պայման է, որ այն բացառապես վերաբերի գյուղական համայնքների զարգացմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանը։ Առանցքային են բնապահպանությունը եւ կանանց մասնակցության խթանումը։
LEAD4Shirak թիմի ղեկավար Բրիգիտե Մելմաուեր-Լարխերն ասում է՝ ծրագրի իրականացման տարածքում մինչեւ 14000 բնակչություն կա, նրանցից յուրաքանչյուրը կարող է դիմել դրամաշնորհային ծրագրին՝ անկախ այն հանգամանքից՝ ՏԱԽ-ի անդամ է, թե ոչ։
Անժելա Հովհաննիսյանը Շիրակի մարզի Լանջիկ գյուղից է, «Արագած Հովիտ» ՏԱԽ-ի անդամ։ Ծրագրի կազմակերպիչներն իմացել են, որ Անժելան ակտիվ ու նախաձեռնող է։ Զանգահարել, առաջարկել են մասնակցել նախաձեռնությանը։ «Որոշեցինք մասնակցել, առաջին հերթին տեղական ակտիվ խորհուրդ ստեղծեցինք»։
Խորհուրդը քննարկել ու որոշել է՝ կօգտվեն իրենց գյուղի աշխարհագրական դիրքից․ «Քանի որ մենք գտնվում ենք հյուսիս-հարավ մայրուղուն կից, կհիմնենք հյուրատուն, ինչը կակտիվացնի գյուղի կյանքը»,- ոգեւորված պատմում է Անժելան։ Գաղափարը շուտով ծրագիր կդառնա ու կներկայացվի դրամաշնորհային մրցույթին։
Կատյա Մարգարյանը Բավրայից է եկել հուշագիր ստորագրելու։ Իրենց գյուղում ձեւավորված ՏԱԽ-ի անդամ է։ Ասում է՝ ծրագրի գաղափարն արդեն ունեն։ Գյուղի երիտասարդներով արդեն մի քանի տարի ուղիներ էին փնտրում, թե ինչպես երիտասարդական կենտրոն ունենան։
Դրամաշնորհը հայտարարելուն պես Շիրակի հյուսիսային դարպասի՝ Բավրայի երիտասարդները ծրագիրը կներկայացնեն կազմակերպիչների դատին։ Գրեթե վստահ են՝ շահելու են դրամաշնորհը եւ ունենան այնքան երկար սպասված կենտրոնը։ Գյուղատնտեսության վերաբերյալ եւս ծրագրեր ունեն։ Բավրացի երիտասարդներն ասում են՝ ժամանակ կա, մեկ ծրագրով չեն սահմանափակվի։
Զարգացման ծրագիրը քառամյա է, մոտ 5 միլիոն եվրո բյուջեով։ Նախատեսվում է, որ Շիրակի մարզում կստեղծվեն 50 աշխատատեղ, 75 ֆինանսավորված նախաձեռնություն՝ 5500 շահառուների ներգրավմամբ։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։