2022 թվականը հոբելյանական է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի համար։ Լրանում է բուհի հիմնադրման 25-ամյակը։ Տոնական միջոցառումների շարքը մեկնարկել էր անցնող տարվանից։ Ցուցադրություններ են եղել Լոռու մարզում եւ «Գալերի 25» պատկերասրահում։
Միջոցառումների շարքի այս տարվա առաջին ցուցադրության վայրը ակադեմիայի Գյումրու մասնաճյուղն էր։ Բազմաթիվ արվեստագետների եւ հյուրերի ներկայությամբ բացվեց նկարիչ, «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Սարգիս Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը։
«Իրականությունների միջեւ» խորագիրը կրող աշխատանքներում հեղինակը որոնել է արվեստի եւ առօրեական իրականությունների կապը։ Ասում է՝ գտել է առանցքային այդ կապը․ երկու իրականությունների միջեւ կարեւորը մարդն է։
«Վերացական արվեստը հնարավորություն է տալիս հասկանալու սեփական զգայարանների տարբեր շերտերը, ընկալելու, թե ով ես եւ ինչ ես ուզում իրականում։ Իմ աշխատանքներում արվեստ-մարդ-բնություն-իրականություն կատեգորիաներն առերեսվում են, որտեղ ժամանակի կրողը հենց մարդն է»,- ասում է Սարգիսը եւ հույս հայտնում, որ իր արվեստով հասարակության լայն շերտերի համար կբացահայտի արվեստի տեսանելի իրականությունը։
Ցուցադրված նմուշները նկարչի վերջին մի քանի տարիների աշխատանքներն են, արվեստասերների դատին են հանձնվում առաջին անգամ։ Մի քանի տարի է, ինչ Սարգիսը Հայաստանում անհատական ցուցադրություններ չէր ունեցել։ Դադարից հետո նախընտրել է ցուցադրվել Գյումրիում, մասնավորապես Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ էլ կրթվել ու դեպի արվեստ տանող առաջին քայլերն է արել։
Արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արաքս Մարգարյանը բարձր է գնահատում Սարգիսի աշխատանքները։ «Այսօր արժեքների վերափոխում է տեղի ունենում, եւ առաջինն արվեստագետն է դա նկատում եւ արձագանքում։ Մի քանի իրականություն գոյություն ունի, ամեն մարդ ինքն է ընտրում, թե որ իրականության մեջ է ուզում զարգանալ»,- ասում է արվեստաբանը։
Անդրադառնալով հարազատ բուհի 25-ամյա հոբելյանին՝ տիկին Մարգարյանը նշում է, որ քառորդ դարը կարճ է թվում կյանքի համատեքստում, բայց սեփական դիմագիծ կերտելու համար բավարար ժամանակահատված է։ Հպարտորեն է փաստում, որ ակադեմիայի հյուսիսային մասնաճյուղը հասցրել է պատմություն կերտել, որի ներկայացուցիչներից մեկը Սարգիս Հովհաննիսյանն է։
Ակադեմիայի տնօրեն, նկարիչ Վահագն Ղուկասյանը պատմում է տարվա հագեցած ծրագրերից․ նախատեսվում են բազմաբնույթ միջոցառումներ, զեկույցներ, վարպետության դասեր, ցուցադրություններ։ Տարվա ավարտին միջոցառումները դուրս կգան մարզի տարածքից, եզրափակիչ ակորդն էլ լինելու է Մոսկվայում։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։