Աֆրիկա կատարած այցից վերադարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Էրդողանը Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության թեմայով ինքնաթիռում զրույց է ունեցել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հաղորդում է Milliyet պարբերականը։
Խոսելով փետրվարի 23-ին կայանալիք ՆԱՏՕ երկրների ղեկավարների առցանց հանդիպման մասին՝ Էրդողանը նշել է․ «ՆԱՏՕ-ն այս առցանց հանդիպման ընթացքում արդեն պետք է հստակեցնի իր վերաբերմունքը։ Ինչ անելու է, պետք է հիմա անի։ Բոլորը միայն խոսում են, քայլ անող չկա»։
Հարցին, թե ինչ դիրք կընդունի Թուրքիան Ռուսաստան-Ուկրաինա լարվածության համատեքստում, Էրդողանը պատասխանել է․ «Երկուսից էլ հրաժարվելն անհնար է։ Ռուսաստանի հետ ունենք թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական հարաբերություններ։ Նույնը Ուկրաինայի պարագայում՝ քաղաքական, ռազմական ու տնտեսական կապեր ունենք։ Եթե ասեք՝ «Ուրաինայից հրաժարվի՛ր», չենք կարող, որովհետեւ այստեղ մեր երկրի շահերը շատ մեծ են։ «Ռուսաստանից հրաժարվի՛ր» ասեք, կրկին չենք կարող, որովհետեւ նրա հետ եւս այս պահի դրությամբ շատ բարձր մակարդակի հարաբերություններ ունենք»։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը