Ըստ ամերիկյան VOA NEWS գործակալության՝ ռուսաստանցի բանագնացը հայտնել է, որ Իրանի միջուկային ծրագիրը զսպելու եւ պատժամիջոցների թուլացման վերաբերյալ գործարքը վերականգնելու շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին:
Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներն էլ նշել են, որ շուտով սպասվում է Իրանի եւ Միացյալ Նահանգների բանտարկյալների փոխանակում:
Համաձայնագրի տեքստի նախագիծն աղոտ ակնարկում է այլ հարցեր, այդ թվում՝ հարավկորեական բանկերում իրանական միլիարդավոր դոլարների ֆոնդերի ապասառեցումն ու Իրանում պահվող արեւմտյան բանտարկյալների ազատ արձակումը:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շաբաթ հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների անհապաղ փոխանակմանը:
Լրտեսությունից մինչեւ պատժամիջոցների խախտման մեղադրանքներ
Ըստ ամերիկացի բանակցող Ռոբերտ Մալլիի՝ քանի դեռ Թեհրանը չի ազատել ԱՄՆ չորս քաղաքացու, միջուկային համաձայնագրի ապահովումը քիչ հավանական է: Մեծ Բրիտանիան էլ պահանջում է ազատ արձակել բրիտանահպատակ իրանցի Անուշե Աշուրին եւ Thomson Reuters հիմնադրամի ծրագրի ղեկավար Նազանին Զաղարի-Ռաթքլիֆին: Վերջիններս մեղադրվում են լրտեսության համար:
Թեհրանն էլ իր հերթին ձգտում է ազատ արձակելու Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները խախտելու համար ԱՄՆ-ում կալանավորված մեկ տասնյակից ավելի իրանցիների։
Միջուկային ծրագրի 300-օրյա բանակցությունների ավարտական փուլի վերջին բանակցությունների համակարգող Էնրիկե Մորան թվիթերյան գրառման մեջ նշել է, որ հիմնական խնդիրները դեռ պետք է շտկվեն, բայց գործարքի վերականգնումը սարերի հետեւում չէ։