Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դիվանագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Սերդար Քըլըչը երեկ այցելել է Թուրքիայի հայոց պատրիարքարան եւ հանդիպում ունեցել պատրիարք Սահակ արք. Մաշալյանի հետ: Լուրը հաղորդել է պատրիարքարանը՝ նշելով, որ Սերդար Քըլըչին ուղեկցել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի եւ Միջին Արեւելքի ընդհանուր տնօրենության գրասենյակի ղեկավար Այշե Ուզերը։
Զրույցի ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի ներկայացուցիչն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ իր հանդիպման առթիվ եւ հույս հայտնել, որ գործընթացի համար երկու երկրների կողմից առողջ քայլեր կկատարվեն: Թուրքիայի հայոց պատրիարքն էլ վստահություն է հայտնել, որ Սերդար Քըլըչի ստանձնած դիվանագիտական առաքելությունը հաջողությամբ է պսակվելու: Ավելին՝ նա հայտնել է, որ բարիդրացիական հարաբերությունները չպետք է սահմանափակվեն միայն երկու երկրներով, այլ խաղաղության մթնոլորտ պետք է իշխի ամբողջ տարածաշրջանում, ինչն էլ տնտեսական, սոցիալական առաջընթացի դուռ կբացի:
Ինչպես տեղեկացրել էինք, Թուրքիայի հայոց պատրիարքը թուրքական մամուլին տված հարցազրույցում հայտնել է, որ կողմ է հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացմանը, ինչը երկու երկրների շահերից է բխում: