ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան: Պաշտպանը վիճարկում է ՀՀ քաղծառայության համակարգի՝ ՀՀ ՄԻՊ-ի գործունեության համար խոչընդոտներ հարուցող եւ աշխատակազմին կարեւոր հարցերի առումով Կառավարությունից կախվածության մեջ դնող օրենսդրությունը:
«Խոսքը «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վարչապետի, ՀՀ առաջին փոխվարչապետի որոշումների եւ մի շարք այլ ակտերի դրույթների մասին է»,- նշել է Թաթոյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ:
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ այս հակասահմանադրական ակտերի, ինչպես նաեւ Կառավարությունում քաղծառայության համակարգի պատասխանատու պաշտոնյաների շրջանում ՄԻՊ-ի հաստատության վերաբերյալ սկզբունքային սխալ պատկերացումների, բյուրոկրատական քաշքշուկների պատճառով աշխատանքում խոչընդոտների են բախվում:
Անգամ Պաշտպանի դիմումի հիման վրա ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) եւ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովն իրենց պաշտոնական դիրքորոշումներով քննադատության են ենթարկել առկա վիճակը, այդ թվում՝ սահմանադրականության տեսանկյունից, բայց հարցն այդպես էլ չի լուծվել։
Թարմացում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել է, որ փետրվարի 23-ի ուշ երեկոյան եւս մեկ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրությունը:
«Քիչ առաջ դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ այն, որ Բարձրագույն դատական խորհրդում բացակայում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հստակ եւ կանխատեսելի ընթացակարգ։ Այդ թվում՝ գոյություն չունի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը բողոքարկելու իրավունք»,-գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Թաթոյանը։