Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենախոցելի եւ մեկուսացված խմբերից են: Ընտանիքի աջակցության բացակայությունը եւ հասարակության վերաբերմունքը որոշ ընտանիքների ստիպում են իրենց երեխաներին մանկատուն հանձնել:
Խարանը, մերժվածությունը, անտեսումը, սնահավատությունը եւ հաղորդակցության խոչընդոտները գործոններ են, որոնց հետ առնչվում են հաշմանդամություն ունեցող երեխաները: Նրանք կմեծանա՞ն ու կբարգավաճե՞ն, թե՞ հազիվհազ կգոյատեւեն՝ կախված է շրջապատող մարդկանցից եւ միջավայրից:
Առանց ծնողական խնամքի կամ դժվար վիճակում հայտնված փոքրիկների կեցավայր հանդիսացող «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդա Ջուլիկյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ հիմնականում ծնողները հրաժարվում են հենց հաշմանդամությամբ ծնված երեխաներից, եւ պատճառը ոչ թե սոցիալական պայմաններն են՝ գումար չունենալը կամ հաշմանդամ երեխայի դժվար խնամքը, այլ միջավայրի կարծիքը:
«Հիմնական ու կարեւոր աշխատանքը կատարվում է այն վայրում, որտեղ հայտնում են երեխայի հաշմանդամություն ունենալու տեղեկությունը ծնողին՝ ծննդատանը: Առաջինը խնդրին ծնողը բախվում է ծննդատանը, երբ իմանում է, որ իր երեխան ունի առողջական խնդիր: Այդ տեղեկությունը հայտնելուց առաջ պետք է հարցին մոտենալ որպես մասնագետ: Չպետք է ասել՝ երեխան ունի այս խնդիրը, ու դուք չեք կարողանա պահել նրան: Պետք է նշել խնդրի առանձնահատկությունները, հաղթահարման ուղիները Հայաստանում, ուղղորդել դեպի այն կառույցներ, որտեղ կկարողանան օգնել ծնողին: Այս պահին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում»,- ասում է Ջուլիկյանը:
«Մանկան տան»-ն ապրում են 0-6 տարեկան առողջ եւ զարգացման թեթեւ խնդիրներ ունեցող երեխաներ:
57 երեխայից 26-ը հաշմանդամություն ունեն, ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մանկալքությունը Հայաստանում պայմանավորված է հաշմանդամությամբ:
Լինում են նաեւ դեպքեր, երբ «Մանկան տանն» են հայտնվում աննշան խնդիրներով կամ թեթեւ հաշմանդամությամբ երեխաներ, սակայն այստեղ շատ են դեպքերը, երբ ծնողի հետ աշխատանքի շնորհիվ երեխան վերադառնում է կենսաբանական ընտանիք:
«Գիտեմ դեպք, երբ փոքրիկից հրաժարվել են, որովհետեւ մատները կպած են եղել, սակայն իմ տնօրինության ժամանակահատվածում նման թեթեւ խնդրի պատճառով չեն հրաժարվել: Մեկ դեպք է տեղի ունեցել, երբ հիվանդանոցում երեխայի վիճակը ծանր են ներկայացրել ծնողին, սակայն երբ տեսանք, որ փոքրիկի վիճակն իրականում այդքան էլ վատ չէ, կապ հաստատեցինք մոր հետ, եւ երեխան վերադարձվեց կենսաբանական ընտանիք»,- հիշում է տնօրենը:
Հաշմանդամություն ունեցող երեխաներին հազվադեպ են որդեգրում Հայաստանում: Նման մեկ դեպք է հիշում տնօրենը, հիմնականում որդեգրում են արտասահմանից: Որդեգրելով նման փոքրիկի՝ կա՛մ ցանկանում են իրենց ընտանիքում խնդրով երեխայի համար ընկեր ձեռք բերել, կա՛մ կրոնական սկզբունքներով են առաջնորդվում: Որդեգրած ընտանիքների հետ «Մանկան տուն»-ը մշտապես կապի մեջ է:
«Մանկան տան»-ը երեխաներին հիմնականում այցելում են այն ծնողները, որոնք թողել են փոքրիկներին սոցիալական խնդիրների պատճառով: Տեսակցության են գալիս նաեւ նրանք, որոնք հրաժարվել են հաշմանդամություն ունեցող երեխաներից, սակայն այժմ սպասում են փոքրիկի առողջական վիճակի փոփոխություններին:
Եթե երեխայից չեն հրաժարվում եւ որդեգրության թույլտվություն չեն տալիս, պարտավորվում են երեխային տեսակցել: Եթե ծնողը չի այցելում երեխային, դիմում է ներկայացվում տվյալ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության մարմին, նրանք էլ այդ գործով մտնում եմ դատարան՝ երեխայի կարգավիճակը հստակեցնելու եւ որդեգրման հանձնելու համար:
«Մանկան տան»-ը կան նաեւ ընկեցիկներ: Ամիսներ առաջ Արցախի փողոցի շենքերից մեկում լքված նորածին աղջնակն այժմ գտնվում է այստեղ: Շարունակվում է ծնողի փնտրտուքը:
Համացանցում նաեւ շատ էին քննարկում Գյումրիում գիշերօթիկի բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված զույգ նորածինների դեպքը: Փոքրիկներն առողջ էին, նրանց մոր համար աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը զանազան սոցիալական առաջարկներ ուներ, բայց այդ նորածիններն այժմ խնամատար ընտանիքում են` ժիր ու առողջ զույգ տղաներ:
«Այդ դեպքը կապ չունի հաշմանդամության հետ, դա ծնողավարման, կենցաղավարման բացակայության հետեւանք է: Միշտ չէ, որ երեխայի շահից է բխում կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորումը»,- կարծում է Ջուլիկյանը եւ իր խոսքը եզրափակում՝ ասելով, որ ամեն մարդ այս կյանքում ունի իր առաքելությունը: Մենք չենք ընտրում մեր ծնոնղներին, մենք չենք ընտրում մեր երեխաներին, եւ եթե մեզ տրվում է այս կամ այն առանձնահատկությամբ երեխա, ապա պետք է օգնենք նրան անցնելու այդ ճանապարհը: