Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն արձագանքել է Երեւանի Կապույտ մզկիթ այցելած ադրբեջանցի պատգամավորներին, որոնք իրանական ճարտարապետական կոթողն անվանել էին «ադրբեջանական հուշարձան»:
Դեսպանությունը Թվիթերի պաշտոնական էջում հրապարակել է մզկիթի եւ պարսկերենով արված պատմական արձանագրությունների լուսանկարը եւ հայերեն, պարսկերեն ու անգլերեն գրառումներ արել:
«Իրանական արվեստի խորհրդանիշ Կապույտ մզկիթը վերջին երեք տասնամյակներում ակտիվորեն գործել է որպես Հայաստանում բնակվող մահմեդականների աղոթատեղի եւ հավաքատեղի, ինչպես նաեւ ունեցել զբոսաշրջային գրավչություն: Շատ հաճելի է, որ դարավոր գրվածքները պահպանվել են: Կարո՞ղ եք դրանք կարդալ»,- նշված է դեսպանության անգլերեն գրառման մեջ:
Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են
Հայերեն գրառման մեջ ասվում է. «Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկու հարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը եւ ինքնությունը: Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են»։
Բոլոր գրառումներում դեսպանությունը հատուկ նշել է Ադրբեջանում Իրանի դեսպանության, ինչպես նաեւ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության հարցերով զբաղվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի էջերը:
«Եվրանեսթի» նիստերին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած ադրբեջանցի պատգամավորներն իրանական մզկիթը ադրբեջանական էին անվանել՝ ըստ էության իրանական մշակութային ժառանգությունը յուրացնելու փորձ անելով: