Ամիսներ շարունակ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված Ռուսաստան-Ուկրաինա լարվածությունը ՌԴ նախագահ Պուտինի՝ «Դոնբասում հատուկ ռազմական գործողություն» սկսելու մասին հայտարարությամբ վերածվեց իսկական պատերազմի, հայտնում է թուրքական Sabah օրաթերթը։ Ռուսական ուժերը ինտենսիվ կրակ են բացել Ուկրաինայի օդանավակայանների ու ռազմական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Թուրքական օրաթերթը հրապարակել է լուսանկարներ Ուկրաինայի տարբեր քաղաքներից։
Պուտինի հայտարարությունից անմիջապես հետո երկու խոշոր պայթյուն է լսվել Դոնբասի Կրամատորսկ քաղաքում, որին հաջորդող ժամերին կրակի տակ է առնվել Ուկրաինայի մի շարք խոշոր քաղաքներում գտնվող օդանավակայանների մեծ մասը։
Թեեւ Պուտինն իր հայտարարության մեջ նշել էր, որ բնակավայրերն ու քաղաքացիները չեն թիրախավորվելու, Կիեւում նույնպես պայթյունների ձայներ են լսվել, հայտնում է պարբերականը։
Հրապարակվել է նաեւ Խերսոն քաղաքի՝ պայթյունից հետո ծխացող օդանավակայանի լուսանկար։
Sabah-ը հայտնում է, որ ռուսական բանակը մտել է Շչաստիա քաղաք։
Կրակի տակ են առնվել նաեւ Խարկով քաղաքի օդանավակայանն ու Կիեւի մատույցներում գտնվող Վասիլկովսկայա ավիաբազան։
Սկսված լայնածավալ գործողությունների հետեւանքով Ուկրաինայի բնակչության մեջ տագնապի մեծ ալիք է բարձրացել, ու չնայած տանը մնալու մասին նախագահի հրահանգին՝ մեծ թվով քաղաքացիներ իրենց անձնական մեքենաներով փորձում են երկրից դուրս գալ։