Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը մամուլի ասուլիսում նշել է, որ Թուրքիայից պահանջել են ռուսական նավերի համար փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները․ «Մենք արդեն թուրքական կողմին հայտնել ենք ռուսական ուժերի համար օդային ճանապարհը եւ Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները փակելու վերաբերյալ մեր պահանջը»։
«Միեւնույն ժամանակ ակնկալում ենք, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոց կկիրառվի։ Ցանկանում ենք, որ ռուս ներդրողների բաժնեմասերը առգրավվեն, եւ ամեն ինչ արվի, որ նրանք այստեղից չկարողանան գումար վաստակել»,- ասել է Բոնդարը։
Դեսպանն իր խոսքում նշել է նաեւ, որ Ուկրաինայում ռազմական դրություն է հայտարարվել, եւ որոշում է կայացվել Ռուսաստանի հետ խզել դիվանագիտական հարաբերությունները, հայտնում է Cumhuriyet պարբերականը։
Հիշեցնենք, որ, ըստ 1936 թվականին ստորագրված Մոնտրոյի՝ նեղուցների մասին կոնվենցիայի, նեղուցների վերահսկողությունը տրվել է Թուրքիային։ Կոնվենցիան լիազորում է Անկարային ինքնուրույն որոշել, թե որ ռազմական նավերը կարող են անցնել նեղուցներով, եւ իրենց երկրին կամ այլ պատերազմական իրավիճակներում սպառնալիք ներկայացնող նավերի համար փակել ելումուտը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը