ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թվիթերում գրառում է արել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ․
«Վաղը ես հանդիպելու եմ Մեծ յոթնյակի առաջնորդների հետ, եւ Միացյալ Նահանգներն ու մեր դաշնակիցները եւ գործընկերները խստագույն պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի դեմ։ Մենք շարունակելու ենք աջակցություն եւ օգնություն ցուցաբերել Ուկրաինային եւ ուկրաինացի ժողովրդին»։
ԵՄ առաջնորդները դատապարտում են եւ փորձում հակազդել
Եվրամիությունը Ռուսաստանին հորդորել է անհապաղ դադարեցնել Ուկրաինայում մարտական գործողություններն ու դուրս բերել զորքը։
Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ուժի նման կիրառում չպետք է տեղի ունենա 21-րդ դարում։
ԵՄ-ի առաջնորդները Ուկրաինայի նկատմամբ գործողություններ սկսելուց հետո կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Շառլ Միշելը Եվրախորհրդի հրատապ արտահերթ հանդիպում է հրավիրել։ ԵՄ առաջնորդներն այսօր կքննարկեն ճգնաժամն ու սահմանափակման ապագա միջոցները, որոնք Ռուսաստանի համար ծանր հետեւանքներ են ունենալու։
ԵԱՀԿ նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն, վճռականորեն դատապարտելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի քայլերը, Մոսկվային կոչ է արել դադարեցնելու ռազմական գործողությունները։
«Դա ոչ միայն ԵԱՀԿ սկզբունքների լուրջ խախտում է, այլ, որն ավելի կարեւոր է, միլիոնավոր մարդկանց կյանքեր լուրջ վտանգի են ենթարկվում։ Կոչ եմ անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնելու բոլոր ռազմական գործողությունները եւ վերադառնալու դիվանագիտությանը»,– թվիթերյան գրառման մեջ ընդգծել է ԵԱՀԿ նախագահը։