2020 թվականի հոկտեմբերի 15-ին Whats up-ով կապվեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ մարդկանցից մեկի հետ, որն ամենօրյա շփումների մեջ էր Հայաստանի ղեկավարի հետ (անունը չեմ տալիս, քանի որ նման պայմանավորվածություն չունեմ):
44-օրյա պատերազմի երրորդ շաբաթն էր, եւ սեփական աչքերով տեսնելով հայ ժողովրդի աղետն ու ողբերգությունը՝ որոշեցի մի առաջարկ անել Փաշինյանին:
Նախ հարցրի. «Կարո՞ղ եմ վստահ լինել, որ իմ առաջարկը փոխանցելու եք Փաշինյանին»:
Պատասխանը միանշանակ, վստահ դրական էր:
Ես չգիտեմ՝ իմ այս առաջարկը փոխանցվել է Փաշինյանին, թե ոչ: Մեծ հաշվով, այսօր դա չի էլ հետաքրքրում:
Պատերազմի ընթացքում Փաշինյանը գրեթե ամեն օր երբեմն մի քանի հարցազրույցներ էր տալիս ռուսական եւ արեւմտյան լրատվամիջոցներին եւ ամեն հարցազրույցում խոսում Թուրքիայի ավերիչ դերակատարության, Հայոց ցեղասպանությունը շարունակելու, վարձկան-ահաբեկիչներ տեղափոխելու եւ բազմաթիվ այլ մեղքերի մասին, որոնք, անկասկած, համապատասխանում էին իրականությանը:
Բայց ի՞նչ էր փոխում ռազմի դաշտում Հայաստանի ղեկավարի նման հռետորաբանությունը: Ոչինչ չէր փոխում: Փաշինյանի հարցազրույցներից ազդված Էրդողանը պիտի վերանայե՞ր իր դիրքորոշումը: Անշուշտ, ոչ:
«Ոչ թե ամեն օր ռուսական ու արեւմտյան լրատվամիջոցներով պետք է խոսել, թե ինչքան վատն է Էրդողանը, այլ հենց այսօր մարդ ուղարկել Էրդողանի մոտ»,- հեռախոսով փոխանցեցի վարչապետի մերձավորին:
Ես անգամ նշեցի երեք մարդու անուն, որոնցից երկուսը հաստատապես կարող են բացել Էրդողանի դուռը:
Այդ օրերին մեզ համար ո՞րն էր առաջնային՝ պոպուլիզմ խաղալ եւ դուր գալ հայ ժողովրդին, որի զավակներն ամեն օր տասնյակներով զոհվում էին թուրքական Բայրաքթարների հարվածների՞ց, թե՞ փորձել խոսել Էրդողանի հետ, եթե անգամ Թուրքիան կանգ չէր առնելու:
Ի վերջո, հարցազրույցներով չես կարող պատերազմ կանգնեցնել, իսկ թշնամու հետ անմիջական բանակցությամբ գուցե 1 տոկոս հնարավորություն կա:
«Էրդողանի հետ կարող են խոսել Պոլսո Հայոց գործող պատրիարք Սահակ Մաշալյանն ու նրա նախորդը՝ Արամ Աթեշյանը»,- փոխանցեցի վարչապետի մերձավորին:
Նշեցի նաեւ երրորդ մարդու անուն, որը կարող է խոսել թուրքերի եւ Էրդողանի հետ:
Նախքան 44-օրյա պատերազմը արդեն իսկ մտահոգիչ էին պաշտոնական Երեւանի եւ մասնավորապես արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Թուրքիայի հասցեին հայտարարությունները: Հայաստա՞նն էր, որ պիտի ասեր, թե ինչ պետք է անի Թուրքիան Միջերկրականում: Ցավոք, մեր արտգործնախարարներից մի քանիսը այսպես էլ վեր չկանգնեցին պոպուլիզմից ու հայ ժողովրդի նվիրական զգացմունքների վրա էժան, անպատասխանատու հայրենասիրություն խաղալու մոտեցումից՝ դրանով իսկ ավելի մոտեցնելով թուրք-ադրբեջանական աղետը:
Ու հիմա, լսելով խաղաղության դարաշրջան բացելու Փաշինյանի հետեւողական հռետորաբանությունը, չեմ հավատում նրա անկեղծությանը: Տեղը նեղ չլիներ, շարունակելու էր սպառնալ Թուրքիային, մի հարեւանի, որ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության գոյությանն իսկ:
Զոհրաբ Մնացականյանի հրձիգ հայտարարությունները շարունակեց նրա հաջորդ Արա Այվազյանը, որ նշանակվելուց հետո Մոսկվայից, արտգործնախարար Լավրովի կողքին կանգնած, սպառնում էր Թուրքիային:
Ցավալի էր, որ մեր դիվանագետները, անգամ թիվ մեկ դիվանագետներն էին ներքաշվում էժանագին հակաթուրքական հռետորաբանության մեջ, որը Հայաստանին վնասից բացի ոչինչ չէր տալիս:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։