Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ հարձակման վերաբերյալ, հայտնում է Milliyet պարբերականը։
«Մենք անընդունելի ենք համարում ռազմական գործողությունները։ Այս հարձակումը ոչ միայն ոտնահարում է Մինսկի համաձայնագիրը, այլեւ կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերն ու լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի ու ողջ աշխարհի անվտանգությանը»։
Թուրքիան գտնում է, որ պետք է հարգել պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը եւ դեմ է զենքի ուժով պետությունների սահմանների փոփոխմանը։
«Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը րոպե առաջ դադարեցնելու այս անարդար ու անօրինական գործողությունը։ Մենք շարունակելու ենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնավարության պահպանմանը»,- նշված է ԱԳՆ հայտարարությունում։