ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հաջողությամբ կատարել են Ուկրաինայում ռազմական գործողության առաջին օրվա համար դրված բոլոր խնդիրները։
Ըստ գեներալի՝ Ղրիմի ուղղությամբ ստուգայցային ջոկատների եւ օդային դեսանտի համատեղ օգտագործմամբ ապահովվել է ռուսական զորքերի մուտքը Խերսոն քաղաք: Դա թույլ է տվել բացել Հյուսիս-Ղրիմյան ջրանցքը եւ վերականգնել ջրի մատակարարումը Ղրիմի թերակղզի։
Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զորքերի խմբավորումները ճեղքել են Ուկրաինայի զինված ուժերի լավ սարքավորված էշելոնացված պաշտպանությունը, 6-8 կիլոմետր առաջ են գնացել: Գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ դա հնարավոր է դարձել ռուսական հրետանու ու բանակային ավիացիայի կրակային աջակցության շնորհիվ:
Կոնաշենկովի պնդմամբ՝ ռուսական զինված ուժերի հարվածների հետեւանքով շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 83 վերգետնյա օբյեկտ։
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր խոցվել է երկու Սու-27, երկու Սու-24, մեկ ուղղաթիռ եւ Ուկրաինայի զինված ուժերի «Բայրաքթար-ՏԲ-2» չորս հարվածային անօդաչու թռչող սարքեր:
Ռուսական զորքերը Ուկրաինայի մի շարք բնակավայրեր են գրավել
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն փետրվարի 24-ի երեկոյան հայտնել է, որ ռուսական զորքերը գրավել են Կախովկայի էլեկտրակայանը։ Խերսոնից ոչ հեռու Կախովկան Ղրիմից դեպի հյուսիս է՝ Դնեպրի ափին։ Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել նաեւ Խերսոնի մոտ Դնեպրի կամուրջը։
Ռուսական զորքերն Ուկրաինայի արեւելքում եւ հյուսիսում ներխուժել են Խարկովի, Սումիի, Չեռնիգովի մարզերի որոշ բնակավայրեր։ Երեկոյան ավելի ուշ հաղորդվել է, որ մարզային կենտրոն Սումի քաղաք տանկեր են մտել։ Խարկովի մոտ կռիվներից հրապարակվել են այրվող, ենթադրաբար ռուսական ռազմական տեխնիկա եւ Կիեւի ուղությամբ շարժվող զրահամեքենաներ։
Ռուսական մարտական ուղղաթիռները գրոհել են Կիեւի մոտ տեղակայված «Հոստոմել» օդանավակայանը, որտեղ երկու ուղղաթիռ է խոցվել։
Ըստ CNN-ի՝ ռուս դեսանտայինները փետրվարի 24-ի առավոտյան գրավել են Կիեւից մոտ 24 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Անտոնով» օդանավակայանը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հարվածել են ավելի քան 70 ցամաքային թիրախների, այդ թվում` օդանավակայանների ու հակաօդային պաշտպանության համակարգերի։
Ուկրաինական կողմը հաղորդում է, որ Ռուսաստանի հրթիռակոծությունների հետեւանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհեր կան։