Ըստ Եվրախորհրդարանի պաշտոնական կայքի՝ ԵԽ-ն վճռականորեն դատապարտել է Ռուսաստանի գործողությունները: Եվրոպական խորհրդարանը եւ խորհրդարանի խմբակցությունների առաջնորդները Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մարտի 1-ին հրատապ նիստ են հրավիրելու:
Եվրոպական խորհրդարանը աջակցում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառմանը, որոնք Կրեմլին պատասխանատվության կենթարկեն իր գործողությունների համար: Եվրոպայի խորհրդարանը լիակատար համերաշխություն եւ զորակցություն է հայտնել Ուկրաինային եւ նրա ժողովրդին:
«Ուկրաինան անկախ եւ ինքնիշխան պետություն է, եւ նրա տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ: Ներխուժումը չարդարացված եւ անօրինական է: Դա սպառնալիք է եվրոպական եւ տարածաշրջանային կայունության, ինչպես նաեւ կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգին: Հարձակումն ուղղված է ժողովրդավարական հասարակության մեր մոդելին: Դա չի կարող անպատասխան մնալ»,- նշված է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ: