Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնել են, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի շրջանում այս պահի դրությամբ հայ տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան: Տեղի հայությանն առնչվող հարցերը ուշադրություն կենտրոնում են:
Գրասենյակն ամբողջ օրվա ընթացքում կապի մեջ է եղել Կիեւի, Օդեսայի, Խարկովի, Կոնստանտինովկայի, Մարիուպոլի, Դոնեցկի, Լուգանսկի, Մակեեւկայի եւ այլ քաղաքների հայ համայնքային կառույցների եւ անհատների հետ։
«Այս պահի դրությամբ հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան: Բազմաթիվ ընտանիքներ նախօրոք մեկնել են պատերազմական թեժ գոտուց դեպի Ուկրաինայի կենտրոնական եւ արեւմտյան շրջաններ, ինչպես նաեւ ՌԴ (հիմնականում՝ Դոնի Ռոստովի եւ Վորոնեժի նահանգներ)»,– նշված է հաղորդագրությունում:
Նշված քաղաքներում կան ինտերնետ կապի եւ այլ ենթակառուցվածքներից օգտվելու խափանումներ:
Ուկրաինայի օդային եւ երկաթուղային հաղորդակցությունը սահմանափակված է, իսկ ՌԴ մի շարք օդանավակայաններ՝ Դոնի Ռոստով, Կրասնոդար, Ստավրոպոլ, Վորոնեժ եւ այլն, ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը:
«Մեր հայրենակիցներին խնդրում ենք կապ պահպանել Կիեւում եւ Օդեսայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաեւ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ»,– նշված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հաղորդագրությունում: