Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի առաջին խորհրդական Ալենա Շեւցովան հայտնել է, որ ռուսները գրավել են Չեռնոբիլի կայանը։ Նա նշել է, որ ատոմակայանի անձնակազմը պատանդ է պահվում։
«Դա հղի է վտանգներով ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Եվրոպայի համար»,- գրել է ուկրաինացի բարձրաստիճան զինվորականը։
Տեղեկությունն ավելի ուշ հաստատել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ռուս զինվորականները ներխուժել են Չեռնոբիլի ԱԷԿ-ի գոտի, դրանից առաջ ուկրաինական իշխանություններն այնտեղից տարհանել են խաղաղ բնակիչներին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան գրառման մեջ ավելի վաղ ահազանգել էր, որ ռուսաստանցի զինվորականները փորձում են գրավել Չեռնոբիլի ատոմակայանը։
«Մեր պաշտպաններն իրենց կյանքն են զոհում, որպեսզի չկրկնվի 1986-ի ողբերգությունը։ Ես դրա մասին տեղեկացրել եմ Շվեդիայի վարչապետին։ Սա պատերազմ է ամբողջ Եվրոպայի դեմ»,- գրել էր Զելենսկին։
Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն եւս հայտնել էր, որ Բելառուսի տարածքից զինվորականներ են մտել Չեռնոբիլի ԱԷԿ-ի գոտի։
«Ռադիոակտիվ թափոնների պահեստարանը պահպանող ազգային գվարդիայի անդամները հակառակորդի հետ կռվի մեջ են մտել։ Եթե զավթիչների հրետանային հարվածների հետեւանքով ոչնչացվի միջուկային թափոնների պահեստարանը, ապա ռադիոակտիվ փոշին կարող է ծածկել Ուկրաինայի, Բելառուսի եւ Եվրամիության երկրների տարածքը»,- Ֆեյսբուքում գրել էր Գերաշչենկոն։
Չեռնոբիլի ատոմակայանը Ուկրաինայի հյուսիսային շրջանում է՝ Բելառուսի սահմանից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա: