Դադարեցնել թունավոր արտանետումները շրջակա միջավայր, ստեղծել այլընտրանքային աշխատատեղեր եւ այդ ընթացքում գյուղացիներին աշխատանքի ընդունել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում, փոխհատուցել շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը պատճառվող վնասը։ Սա թեղուտցիների՝ մի քանի կետից բաղկացած պահանջն է «Թեղուտ» ընկերությանը, որի բավարարմանը սպասում են տասը տարուց ավելի։
Գյուղի 10-12 ակտիվիստներ տեւական ժամանակ պայքարի տարբեր մեթոդներ են կիրառում, բայց ապարդյուն։ Թե՛ համայնքային ու մարզային իշխանությունները եւ թե՛ «Թեղուտ» ընկերության ներկայացուցիչները նրանց լսում են, խոստանում լուծում տալ խնդիրներին եւ ճանապարհում։ Ըստ գյուղացիների՝ ոչինչ չի փոխվում։
Մոտ մեկ ամիս առաջ՝ հունվարի 25-ին, նրանք բողոքի ակցիա էին անցկացրել ընկերության անցակետի մոտ՝ փակելով մեքենաների ճանապարհը։
Իսկ հաջորդ օրը մի քանի հոգով մարզպետարան էին գնացել՝ խնդիրը մարզի ղեկավարի հետ քննարկելու։ Ըստ հանդիպման մասնակիցների՝ մարզպետը խոստացել էր, որ օրեր անց Թեղուտում եռակողմ (մարզպետ, հանքի ղեկավարություն, Թեղուտի բնակիչներ) հանդիպում կլինի, եւ նրանք կկարողանան իրենց պահանջը ներկայացնել հանքի ղեկավարությանը։
Փետրվարի 7-ին Արամ Խաչատրյանը ճանաչողական այցով Թեղուտ էր եկել։ Նրան էր միացել ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։ «Թեղուտ» ընկերության ղեկավարների ուղեկցությամբ պաշտոնյաները շրջեցին հանքավայրի տարածքում՝ ծանոթանալով իրականացվող աշխատանքներին եւ արտադրական գործընթացին։
Շրջայցի ընթացքում թեղուտցիների՝ հանքի գործունեությանն առնչվող խնդիրների եւ բողոքների վերաբերյալ մարզի ղեկավարն ասաց․ «Մենք արդեն խոսեցինք ղեկավարության հետ, քննարկեցինք, եւ համոզված եմ, որ այդ խնդիրները մոտ ապագայում կլուծենք»։
Մինչ մարզպետն ու նրան ուղեկցող պաշտոնյաները հանքավայրի տարածքում էին, գյուղում հանդիպեցինք իրենց իրավունքների համար պայքարող ակտիվիստներին։ Արամ Խաչատրյանի՝ Թեղուտում լինելու մասին նրանք տեղյակ էին։ Բայց ոչ թե նրա ճանաչողական այցին, այլ եռակողմ հանդիպմանն էին սպասում, որի ընթացքում էլ պահանջներն անձամբ էին ներկայացնելու «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությանը։
Ըստ Թեղուտի բնակիչ Եղիշե Հոբոսյանի՝ մարզի ղեկավարն արդեն իսկ խախտել է իրենց հետ պայմանավորվածությունը, բայց իրենք սպասելու են իրավիճակի՝ հօգուտ իրենց շահերի հանգուցալուծմանը։
«Աշխատատեղ ունենալ չի նշանակում, որ արտանետումները պետք է լինեն։ Դա բացառվում է, դրա դեմ ենք պայքարելու եւ պահանջելու ենք փոխհատուցում։ Ինձ համար առաջինը վնասի փոխհատուցումն է, որովհետեւ մենք մեր սերունդներին փոխանցելու բացարձակ ոչ մի բան չունենք։ Մեր բոլոր իրավունքները սահմանափակված են։ Պատկերացրե՛ք՝ Թեղուտի հողերի 80%-ը գերակա շահով վերցված է, ու մենք ո՛չ անասնապահությամբ, ո՛չ անտառով, ո՛չ մի բանով զբաղվելու հնարավորություն չունենք»,- ասում է Հոբոսյանը։
Հարություն Խաչիկյանը «Թեղուտ» ընկերությունում աշխատանքի տեղավորվելու հեռանկար չի տեսնում, որովհետեւ… «մի քիչ ավելի եմ պահանջում բնապահպանության առումով»։
«Մեզ ամեն կողմից վնաս են տալիս՝ բացի օգուտից։ Երեկ չէ առաջին օրը նենց թոզ էր էստեղ, էդ ջրցանը չեն էլ անում։ Մեր տանը ամեն օր կռիվ է լինում: Որ ասում եմ՝ էս ինչի չեք փոշին սրբել, ասում են՝ նոր ենք սրբել։ Երկու րոպե հետո փոշին նորից նստած է»,- ասում է Խաչիկյանը։
Իսկ մարզպետի այցելության եւ իրենց պահանջների հնարավոր բավարարման մասին էլ նշում է՝ հույս չունեն, բայց սպասում են։
Լոռու մարզպետի՝ Թեղուտի հանքավայր կատարած ճանաչողական այցից հետո նույն օրը խոստացված եռակողմ հանդիպման փոխարեն գյուղի վարչական ղեկավարի աշխատասենյակում Թեղուտի ակտիվ բնակիչների հետ հանդիպել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն ու Թեղուտի վարչական ներկայացուցիչ Ֆրունզիկ Նորեկյանը։
Թեղուտի բնակիչներից հանդիպմանը մասնակցած Մարտին Շախկյանը «Ալիք Մեդիային» որոշ մանրամասներ ներկայացրեց՝ նշելով, որ իրենք կրկին անորոշության մեջ են։
«Նկատեցինք, որ մարզպետը ուզում է հարցը օբյեկտիվ լուծման հասցնել, բայց էդպես էլ պարզ չդարձավ, թե վերջնական դա ոնց է լուծվելու, երբ է լուծվելու եւ ինչ ձեւի։ Անորոշություններ շատ կան։ «Մենք մտածում ենք», «Մենք մտահոգվում ենք», «Մի բան կանենք»․ էս երեք տարի է՝ նույն բանը լսում ենք, բայց էդ լուծումը մեզ համար ընդունելի չէ։ Մեզ պետք է հստակ լուծում, իսկ հստակ լուծման չենք եկել»,- ասում է Շախկյանը։
Նշված հանդիպումից օրեր անց գյուղացիների ակտիվ խմբից երկու հոգու աշխատանքի են ընդունել հանքավայրում։ Հարցազրույցի ընթացքում Մարտին Շախկյանը դժվարացավ մեկնաբանել՝ դա իրենց պայքարի արդյո՞ւնքն էր, թե՞ առաջիկայում սպասվելիք համայնքների խոշորացման ու ՏԻՄ ընտրությունների։ Հիմքեր չունեն, ենթադրություններ էլ չեն կարող անել՝ ասում է։ Փաստն այն է, որ այդ մարդիկ հանքի ղեկավարությունից աշխատանք են խնդրել 2019-ից սկսած, եւ միայն հիմա է նրանց խնդրանքը բավարարվել։
Ակտիվ գյուղացին ընկերության այս քայլը իրենց պահանջների բավարարմանն ուղղված աննշան բան է համարում։ Ասում է՝ կանգ չեն առնելու։
«Դա հարցի կոմպլեքս լուծում չէ։ Մենք հենց սկզբից խնդիրը դրել ենք այսպես՝ չենք ուզում, որ մեր ծննդավայրը Մադան դառնա, այսինքն՝ բնակավայր՝ առանց բնակիչների։ Պայքարում ենք, որ արտագաղթ չլինի։ Իսկ արտագաղթի հիմքեր վաղուց ստեղծված են, քանի որ գյուղի 80%-ը բռնազավթված է եւ տրված է ընկերությանը, իսկ 20%-ն էլ աղտոտված է, ու հնարավորություններ չկան ապրելու։ Մենք պահանջում ենք այլընտրանքային զարգացման ուղղությունների մշակում, որպեսզի Թեղուտը չարտագաղթի»,- ասում է Շախկյանը։
Գյուղացիների ակտիվ խմբի հաջորդ քայլը, ըստ Մարտին Շախկյանի, խնդրի հանրայնացումն է լինելու։ Ուզում են իրենց պահանջներն առավել հասկանալի դարձնել բոլորին, որպեսզի թյուր կարծիք չձեւավորվի, թե իրենց աշխատանք տալով՝ լռեցնելու են։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։