ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է պատժամիջոցներ կիրառելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։
Նրան մեղադրելով Խորհրդային Միությունը վերականգնելու փորձի համար՝ Բայդենը հավելել է, որ Պուտինի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի. ռուս-ամերիկյան հարաբերությունները լիակատար խզված վիճակում են։
30 օրում փակել թղթակցային հաշիվները
Նոր սահմանափակումներն ազդել են «Սբերբանկի», «Գազպրոմբանկի», «Օտկրիտիե»-ի, «Նովիկոմբանկ»–ի եւ «Սովկոմբանկ»-ի վրա: ԱՄՆ գանձապետարանը կարգադրել է ամերիկյան բոլոր ֆինանսական հաստատություններին 30 օրվա ընթացքում փակել «Սբերբանկի» թղթակցային հաշիվները։ «Սբերբանկի» կողմից դոլարով բոլոր վճարումները, որոնք բանկը կփորձի կատարել իր հաճախորդների համար, կմերժվեն, երբ նրանք մուտք գործեն ամերիկյան բանկեր:
Պարտքերի/բաժնետոմսերի թողարկման միջոցով կապիտալ ներգրավելու արգելքի տակ են հայտնվել «Գազպրոմը», «Գազպրոմբանկը», «Գազպրոմնեֆտը», «Տրանսնեֆտը», «Ռոսսելխոզբանկը», «Ռոստելեկոմը», «Ռուսհիդրոն», «Ալռոսան», «Սովկոմֆլոտը» եւ «Ռուսական երկաթուղիները»:
Լուրջ խոչընդոտ՝ ռուսական գործողությունների համար
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ նոր սահմանափակումներն ազդում են մի շարք խոշոր ռուսական բանկերի վրա, նաեւ առանց հապաղելու արտահանման սահմանափակումներ են մտցվում։
Թրյուդոն չի հստակեցրել՝ հատկապես ռուսական որ բանկերը կենթարկվեն պատժամիջոցների, սակայն ասել է, որ դրանք լայն ազդեցություն կունենան եւ լուրջ խոչընդոտ կդառնան Ուկրաինայում ռուսական գործողությունների համար։
Ընդդեմ «Աէրոֆլոտ»-ի եւ ՎՏԲ-ի
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ռուսական պետական կորպորացիաների դեմ։ Վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ Լոնդոնն արգելում է «Աերոֆլոտ» ավիաընկերությանը գործել Մեծ Բրիտանիայում։
Նոր ցուցակում են հայտնվել նաեւ «Ռոստեխը», «Միացյալ ավիաշինական կորպորացիան», «Միավորված նավաշինարարական կորպորացիան», «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիան, «Ուրալվագոնզավոդը», ՎՏԲ բանկը:
Շվեյցարիայի պատժամիջոցների թիրախում
Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսը հայտարարել է, որ Շվեյցարիան ֆինանսական պատժամիջոցներ է սահմանում ռուսական 3 բանկերի եւ սահմանափակումներ է մտցնում Պետդումայի 361 պատգամավորների նկատմամբ՝ ճամփորդելու համար:
Ըստ Կասիսի՝ դա արվում է Կոնֆեդերացիայի տարածքով Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցների հնարավոր շրջանցումը կանխելու համար։ Շվեյցարիայի նախագահը չի հստակեցրել, թե հատկապես ռուսական որ բանկերը կենթարկվեն սահմանափակումների։
Ռուսաստանը պատրաստ էր պատժամիջոցներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները պատրաստվել են պատժամիջոցներին:
«Իհարկե, բոլորս, դուք եւս, հասկանում ենք աշխարհը, որտեղ ապրում ենք, եւ այս կամ այն կերպ պատրաստվել ենք դրան, ինչ տեղի է ունենում այժմ՝ սահմանափակումների եւ պատժամիջոցների քաղաքականության առումով»,- ասել է Պուտինը: