Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի վախենում Ռուսաստանի հետ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին խոսելուց, սակայն անվտանգության ի՞նչ երաշխիքներ ունի Ուկրաինան:
«Այսօր Եվրոպայի 27 ղեկավարներին հարցրի՝ Ուկրաինան կանդամակցի՞ ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ: Ուղիղ հարց տվեցի: Բոլորը վախենում են, չեն պատասխանում: Իսկ մենք ոչ մի բանից չենք վախենում: Չենք վախենում մեր երկիրը պաշտպանելուց, չենք վախենում Ռուսաստանից, չենք վախենում Ռուսաստանի հետ խոսելուց: Մենք չենք վախենում անվտանգության երաշխիքների մասին խոսելուց։ Չենք վախենում չեզոք կարգավիճակի մասին խոսելուց։ Չէ՞ որ մենք ՆԱՏՕ-ում չենք։ Բայց ի՞նչ երաշխիքներ կունենանք։ Եվ որ ամենակարեւորն է՝ ո՞ր երկրներն են մեզ տրամադրելու դրանք»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին ընդգծել է, թե Ուկրաինան մենակ է մնացել երկրի պաշտպանության գործում: Նա շնորհակալություն է հայտնել պետություններին, որոնք իսկապես օգնում են ոչ միայն խոսքով:
Նա հայտարարել է, թե ներխուժման, պատերազմի ավարտի մասին խոսելն անհրաժեշտ է, բայց հիմա երկրի ճակատագիրն ամբողջովին կախված է նրա պաշտպաններից: