Hürriyet օրաթերթի լրագրող Ֆաթիհ Չեքիրգեն Նուրսուլթանում զրույց է ունեցել պաշտոնական այցով այնտեղ գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ, քննարկել են Թուրքիայի դիրքորոշումն ու քայլերը Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության շուրջը ստեղծված իրավիճակում։
«Թուրքիայի դիրքորոշումն ի սկզբանե հստակ էր․ մենք՝ որպես երկու երկրների հետ հարաբերություններ ունեցող պետություն, լարվածությունը նվազեցնելու համար հնարավոր ամեն ինչ արել ենք։ Դեմ ենք ե՛ւ որեւէ անեքսիայի, ե՛ւ պատերազմի։ Սատարում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Մենք պատերազմող կողմ չենք։ Ցանկացած բախման մեջ չենք ներքաշվելու։ Շարունակելու ենք պահպանել հավասարակշռված, բայց արդարության կողմնակից, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան մեր սկզբունքային դիրքորոշումը։ Կգործադրենք բոլոր ջանքերը, որ ռազմական գործողությունները րոպե առաջ դադարեցվեն»:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Մոնտրոյի կոնվենցիայով հնարավոր է բավարարել Ուկրաինայի դեսպանի՝ Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները փակելու վերաբերյալ պահանջը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը պատասխանել է․ «Ուկրաինան պաշտոնական պահանջ է ներկայացրել։ Մոնտրոյի կոնվենցիայի հոդվածները պարզ են ու հստակ։ Թուրքիան մինչ օրս կոնվենցիայի պահանջներն առանց վարանելու իրականացրել է։ Այսինքն՝ կան միջոցառումներ, որոնք վերաբերում են այն իրադրություններին, որոնցում Թուրքիան պատերազմող կողմ չէ, այլ պատերազմում են այլ պետություններ։ Սրանց համաձայն՝ Թուրքիան կարող է կանգնեցնել նեղուցներում ռազմական նավերի հոսքը։ Բայց կա նաեւ մեկ այլ կետ․ եթե այստեղ պատերազմող կողմի ռազմական նավերը պահանջեն վերադառնալ իրենց ռազմաբազաներ, պետք է տրվի վերադարձի թույլտվություն»։
«Այժմ մեր մասնագետներն աշխատում են պարզելու, թե արդյոք կա հիմա պատերազմական վիճակ։ Եթե իրավական ճանապարհով ընդունենք, որ կա պատերազմ, գործընթացը կսկսվի։ Բայց եթե ընդունենք, որ կա պատերազմ, ուրեմն պետք է արգելենք բոլոր ռազմական նավերի ելումուտը։ Սա էլ դեռ ամենը չէ․Մոնտրոյի կոնվենցիան կնքելիս Ռուսաստանն իր համար հատուկ հոդված է ներառել (19-րդ, 20-րդ եւ 21-րդ), որի համաձայն, եթե ափամերձ պետության ռազմական նավը ցանկություն հայտնի վերադառնալ իր ռազմաբազա, պետք է թույլ տալ»։
Խոսելով Ղրիմի թաթարների մասին՝ Չավուշօղլուն նշել է․ «Ղրիմի թաթար եղբայրների համար մեր դռները միշտ բաց են։ Ցանկացած տեսակի օգնություն պատրաստ ենք ցուցաբերելու»։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը