Ելիսեյան պալատից հայտնել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Երկրների ղեկավարներն ամփոփել են Ուկրաինայի արեւելքում կատարվող վերջին իրադարձությունները: Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է աջակցությունն Ուկրաինային եւ նվիրվածությունը երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Խոսվել է Ֆրանսիայի տրամադրած եւ տրամադրելիք տնտեսական, ֆինանսական, պաշտպանական ոլորտի օգնության մասին:
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Զելենսկու հետ խորհրդակցելուց հետո Մակրոնը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ պահանջել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լուրջ եւ անկեղծ մտքեր են փոխանակել Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ։ «Վլադիմիր Պուտինը սպառիչ բացատրություններ է տվել ռազմական հատուկ գործողություն իրականացնելու որոշման պատճառների եւ հանգամանքների մասին»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, թե արագ, անկեղծ ու բաց խոսակցություն է ունեցել նախագահ Պուտինի հետ նախագահ Զելենսկու խնդրանքով: Մակրոնն ընդգծել է, թե իր պարտքն է համարում բաց պահել երկխոսության դուռը։ Նա նշել է, որ Ֆրանսիան 300 միլիոն եվրոյի չափով օգնություն կտրամադրի Ուկրաինային: «Պատրաստ ենք օգնելու նաեւ փախստականներին ապաստան տրամադրելու հարցում»,- ասել է ֆրանսիայի նախագահը:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը