ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ ԶՈՒ-ն հատուկ գործողության ընթացքում շարքից հանել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 օբյեկտ։ Դրանցից 11-ը ռազմական օդանավակայաններ են, 13-ը` Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարական կետեր եւ կապի կենտրոններ, 14-ը` С-300 եւ Օսա զենիթահրթիռային համակարգեր, 36-ը` ռադիոլոկացիոն կայաններ։
Կոնաշենկովը հաստատել է, որ Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկում են Չեռնոբիլի ատոմակայանի տարածքը։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ատոմակայանի պաշտպանության առանձին գումարտակի զինծառայողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Չեռնոբիլի ատոմակայանի էներգաբլոկների եւ սարկոֆագի անվտանգությունը համատեղ ապահովելու շուրջ:
ՌԴ պաշտոնյան նշել է, որ ԴԺՀ-ի զորքերը Վոլնախսկի ուղղությամբ առաջխաղացել են եւս 1 կիլոմետրով, իսկ ԼԺՀ-ի զորքերը` Ստեպովոյե շրջանում խորացել են մինչեւ 9 կիլոմետր։
Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ուկրաինայի տարբեր ուժային կառույցների ավելի քան 150 զինվորականներ վայր են դրել զենքերը` Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի եւ Դոնբասի հանրապետությունների ռազմական հատուկ գործողության հետեւանքով։ Նրանցից 82-ը Զմեինի կղզու տարածքում են կամովին հանձնվել ՌԴ ԶՈՒ ստորաբաժանմանը: Ուկրաինայի զինված ուժերի եւս 11 զինծառայողներ հանձնվել են Նիկոլաեւսկի տարածքում, ծովային հետեւակի ստորաբաժանումներից մեկը կապ է հաստատել ԴԺՀ-ի ժողովրդական ոստիկանության հետ ու միջանցք խնդրել հանրապետության տարածք մուտք գործելու համար։ Կոնաշենկովը շեշտել է, որ զենքերը հանձնելուց եւ մարտական գործողություններից հրաժարվելու դիմում ստորագրելուց հետո բոլոր այս զինծառայողները կկարողանան վերադառնալ իրենց ընտանիքներ։