Թուրքիայի «Քաղաքական, տնտեսական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամի» ավագ գիտաշխատող եւ Ուլուդաղ համալսարանի դասախոս Ֆերհաթ Փիրինչչին Sabah օրաթերթին տված իր հարցազրույցում հետաքրքիր վերլուծություններ է արել Ուկրաինայի շուրջը ծավալվող վերջին զարգացումների մասին։
Գնահատելով այսօրվա վիճակը՝ Փիրինչչին նշել է, որ իրադարձություններն այնքան էլ անսպասելի չէին․ «Ավելի վաղ նույնպես պարզ էր, որ այս իրադրությունը ստեղծվելու է։ Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի գլխավոր նպատակն է այնտեղ ստեղծել իշխանություն, որը կլինի կախյալ ու Ռուսաստանի վերահսկողությունից դուրս չի գա։ Այս իշխանությունը նախ փորձեց ստեղծել ստիպողական դիվանագիտությամբ եւ ռազմական ճնշման գործադրմամբ։ Բայց քանի որ այդ մեթոդը հաջողության չհասավ, եղավ այն, ինչ այսօր ունենք»։
«Ստեղծված իրավիճակը պետք է գնահատել չորս տարբեր հարթություններում՝ Ուկրաինա, Ռուսաստան-ԱՄՆ, միջազգային համակարգ ու Արեւելյան Եվրոպա։ Ուկրաինան շատ բան չի կարող անել այս իրավիճակում։ ԱՄՆ-ի աղոթքները Ռուսաստանին չեն զսպի։ Ուկրաինային լուրջ ռազմական աջակցություն չի տրվում, ինչն էլ սահմանափակում է երկրի գործողությունները։ Եվ անգամ եթե ամեն ինչ արվեր, Ռուսաստանին դիմադրելը շատ դժվար կլիներ Ուկրաինայի համար»։
Խոսելով ՆԱՏՕ-ի մասին՝ հետազոտողը նշել է, որ առաջիկա ժամանակներում եւս ՆԱՏՕ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինա․ «ՆԱՏՕ-ն այսուհետ Ռուսաստանի գոյությունը շատ ավելի լուրջ կընդունի, շատ ավելի ուշադիր կլինի։ Բայց այս իրավիճակում Ուկրաինան հայտնվեց զոհաբերվածի դերում։ Եթե ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ համաձայնագիր կնքեր ու անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերեր, գուցե այսօր Ուկրաինան այսքան բարդ վիճակում չհայտնվեր»։
Ըստ Փիրինչչիի՝ Ռուսաստանի նպատակն է Ուկրաինայում ստեղծել Բելառուսի նման իշխանություն, ու եթե Ուկրաինան նման պետություն լիներ, Ռուսաստանը կհարգեր Ուկրաինայի ինքնիշխանությունը․ «Այս ամենը տեղի է ունենում Ուկրաինայի ղեկավարությունից ու ազգայնականությունից Ռուսաստանի համար ստեղծված անհարմարություններից ազատվելու համար։ Ու սա չի սահմանափակվելու միայն Ուկրաինայով։ Որովհետեւ Ռուսաստանը վերջին շրջանում Արեւմուտքի ու ԱՄՆ-ի հետ լուրջ առճակատման մեջ է։ Մեծ ինքնավստահությամբ ու աշխարհաքաղաքական պայմանները լավ գնահատելով է քայլեր ձեռնարկում»։
Թուրքիայի ընդունած դիրքի ու նեղուցների մասին հարցին հետազոտողը պատասխանել է․ «Իմանալով, որ բոլոր հաղթաթղթերն իր ձեռքում են, միեւնույնն է, Թուրքիան հավասարակշռող քաղաքականություն չվարեց։ Դիրքորոշումն իրականում հստակ էր․ Թուրքիան ընդունել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ Ղրիմը ներառյալ։ Ցանկություն էր հայտնել կանխել տարածաշրջանում հնարավոր անկայունությունը։ Այսօր տեղի ունեցածի վերաբերյալ Թուրքիան նորից հստակ դիրքորոշում ունեցավ՝ որակելով Ռուսաստանի գործողություններն «անընդունելի»։ Թուրքիան կոչ է անում հավատարիմ մնալու միջազգային իրավունքի նորմերին, պահպանելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Սա հավասարակշռող քաղաքականություն չէ։ Ուկրաինայի հետ լուրջ հարաբերություններ ունի ու աջակցում է նրան։ Բայց թույլ չի տալիս, որ դա փչացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները»։
«Իսկ նեղուցների հարցն այս պահին չափազանցված է։ Նեղուցների հարցն այս պահին Թուրքիայի ձեռքում մի հաղթաթուղթ է ու միշտ այդպես է մնալու։ Բայց անիմաստ է Մոնտրոյի կոնվենցիան հիմա օրակարգ բերելը։ Դա օրակարգ կմտնի միայն եթե Թուրքիան պատերազմի մեջ մտնի։ Եվ բացի այդ, Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի վրա ընթանում են ոչ թե ծովային, այլ ցամաքային ճանապարհով»,- նշել է հետազոտողը։
«Ռուսաստանը սադրանքի ենթարկվե՞լ է» հարցին ի պատասխան Փիրինչչին ասել է․ «Նման ծրագիր եղել է, այո՛։ Այսպես ասած՝ ԱՄՆ-ը Ուկրաինային զոհաբերեց։ Ու այս պահին հաջողել է դրանում։ Ամեն դեպքում ՆԱՏՕ-ին ու Եվրոպային ցույց տրվեց ռուսական վտանգի մեծությունը»։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը