Ըստ ամերիկյան Forbes պարբերականի՝ Ռուսաստանի միլիարդատերերը փետրվարի 24-ին շուկայի փլուզումից հետո ընդհանուր առմամբ կորցրել են 39 միլիարդ դոլար. ամենից շատ կրճատվել է «Լուկօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովի կարողությունը:
Բաժնետոմսերի ռուսական շուկան հինգշաբթի 33,28%-ով հիմնական սակարկությունների արդյունքներով անկում է արձանագրել:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է ընդունել Ուկրաինայի ապառազմականացման նպատակով հատուկ ռազմական գործողություն անցկացնել:
Այդ առնչությամբ ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի խոշորագույն բանկերի եւ կազմակերպությունների նկատմամբ:
Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի (ՆԼՄԿ) հիմնական սեփականատեր Վլադիմիր Լիսինը հինգշաբթի աղքատացել է 2,5 միլիարդ դոլարով կամ 8,3%-ով: «Նորնիկել»-ի հիմնական սեփականատերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը, աղքատացել է 1,9 միլիարդ դոլարով կամ 7%-ով։
Փետրվարի 25-ի արդյունքներով՝ առավել մեծ կորուստներն ունեցել է Վագիտ Ալեքպերովը. նրա կարողությունը կրճատվել է 3,8 միլիարդ դոլարով կամ 15,4%-ով: «Սեւերստալ»-ի հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի կարողությունը նվազել է 3,3 միլիարդ դոլարով (11,3%), իսկ Սուլեյման Քերիմովը, որի ընտանիքը վերահսկում է «Պոլյուս» ընկերությունը, կորցրել է 2,6 միլիարդ դոլար (18,2%):
Տոկոսային հարաբերությամբ ամենաշատը կորցրել է TCS Group-ի հիմնադիր Օլեգ Տինկովը. նրա կարողությունը կրճատվել է 2 միլիարդ դոլարով, այսինքն՝ 52,2%-ով:
Forbes-ի տվյալներով՝ փետրվարի 16-ից ի վեր Ռուսաստանի միլիարդատերերն աղքատացել են 90 միլիարդ դոլարով: